«Մենք առաջարկում ենք մեր հանրությանն ուղիղ կանխարգելման օրենսդրական փաթեթը, որը նույնիսկ կոչվելու է Սաֆարովի կանխարգելման օրինագիծ կամ նույնն է՝ ատելության կանխարգելման օրենսդրական փաթեթ»,– հայտարարեց Արամ Վարդևանյանը՝ ներկայացնելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության նոր օրենսդրական նախաձեռնության մանրամասները։
Վարդևանյանի խոսքով՝ նախաձեռնության նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության և սեփականության իրավունքների պաշտպանությունն է, քանի որ ներայում գտնվում ենք մի իրավիճակում, երբ Ադրբեջանի կողմից ներկայացվող ցանկացած պահանջ ի կատար է ածվում ներկա իշխանությունների կողմից։
«Հաշվի առնելով այն, որ մենք տեսնում ենք, թե ինչ նոր հրեշավոր ծրագիր է մշակվել Փաշինյանի և Ալիևի կողմից՝ իսկապես գտնվում ենք այնպիսի մի ժամանակահատվածում, երբ մեր հասարակության ներսում կա տագնապի զգացում»,– նշեց նա։
Առաջարկվող օրենսդրական փաթեթով նախատեսվում է սահմանափակել Ադրբեջանի քաղաքացիների՝ Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու հնարավորությունը։
«Մենք առաջարկում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող որևէ անձ՝ լինի ֆիզիկական, թե իրավաբանական, ինչպես նաև որպես քողարկված իրական շահառու գործունեություն իրականացնող, չկարողանա ձեռք բերել որևէ անշարժ գույք»,– ասավ Վարդևանյանը։
Փաստաբանի խոսքով՝ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նման սահմանափակումներ կիրառվում են տարբեր երկրներում։
«Մենք խոսում ենք ոչ միայն հողի, այլ նաև անշարժ գույք ձեռք բերելու սահմանափակման մասին»,– ընդգծեց նա։
Նախաձեռնությունը կապվեց նաև ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի գործի հետ։ Արամ Վարդևանյանը հիշեցրեց, որ 2004 թվականին Սաֆարովը Հունգարիայում սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին.
«16 անգամ կացնով հարվածելով։ Հենց նույն Ռամիլ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, բայց 2012 թվականին հանձնվեց Ադրբեջանին, որտեղ նրան ներում շնորհեցին և հերոսացրեցին»,– նեց նա։
Փաստաբանն անդրադարձավ նաև Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների խզմանն ու վերականգնմանը՝ նշելով, որ հարաբերությունները վերականգնվել են միայն 2022 թվականին։
«Ազգային պատկանելիության հողի վրա նման ոճրագործություն կատարողները պետք է պատժվեն, և դա պետք է լինի անխուսափելի»,– հայտարարեց Վարդևանյանը՝ ընդգծելով, որ երբ նման հանցագործությունները «ոչ միայն իրավական տիրույթում չեն դիտարկվում, այլ նաև խրախուսվում ու հերոսացվում են», Հայաստանը պետք է իրականացնի կանխարգելիչ քայլեր։
Խոսքի ավարտին Վարդևանյանը շեշտեց, որ օրենսդրական փաթեթը միտված է «զսպելու և երաշխավորելու հայերի անվտանգությունը», ինչպես նաև տնտեսական և սոցիալական ծրագրերի պաշտպանությանը։ «Կարծում եմ՝ պարզապես անհրաժեշտություն է նման օրենսդրական փաթեթի ընդունումը»,– եզրափակեց նա։


