«Սաֆարովի կանխարգելման» օրինագիծ. «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին քայլը Կառավարություն կազմելու դեպքում
«Ուժեղ Հայաստան» դաշինքը Կառավարություն կազմելու դեպքում հենց առաջին նիստին ընդունելու է «Սաֆարովի կանխարգելման» օրինագիծ:
Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է դաշինքի ղեկավար և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը:
«Եթե մենք չկարողանանք կանգնեցնել Փաշինյանի և Ալիևի պլանավորած 300 000 ադրբեջանցու մուտքը ՀՀ, կստացվի, որ մեր բոլոր տնտեսական ծրագրերն անիրագործելի են լինելու, քանի որ հիմնական աշխատատեղերը բաժին են հասնելու ադրբեջանցիներին:
Դրա համար մենք մեր Կառավարության հենց առաջին նիստին ընդունելու ենք գլխավոր օրենքը մեր երկրի համար, դա մենք կոչել ենք «Սաֆարովի կանխարգելման» օրենք, որպեսզի արգելենք ադրբեջանցիներին գնել մեր հողերը, գնել մեր տները, նվեր ստանալ մեր հողերը, ինչպես բոլորս տեսել ենք»,- նշել է նա:
Դաշինքի անդամ Արամ Վարդևանյանը մանրամասնել է, որ այն կոչվելու է «Սաֆարովի կանխարգելման» օրինագիծ կամ «ատելության կանխարգելման» օրենսդրական փաթեթ, որով առաջարկելու են, որ Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող ոչ մի ֆիզիկական կամ իրավաբանական անձ չկարողանա ձեռք բերել որևէ անշարժ գույք ՀՀ-ում:


