Ինչո՞ւ էր Իսրայելը «Եվրատեսիլ»-ում Հայաստանը Ադրբեջանի դրոշով ներկայացրել
«Սկանդալից դեռ շատ չանցած, Իսրայելի հանրային հեռարձակողը պաշտոնապես ներողություն էր խնդրել»,- հայտնում է Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2026» երգի միջազգային մրցույթի կիսաեզրափակչի եթերի ժամանակ իսրայելական Kan 11 պետական հեռուստաալիքը Հայաստանի դրոշի փոխարեն տեղադրել է Ադրբեջանի դրոշը:
Արտյոմ Չերնամորյանը հայտնում է, որ «Կան»-ի գլխավոր տնօրեն Գոլան Յոխպազը պաշտոնական նամակ էր ուղարկել հայկական հեռարձակողի ներկայացուցիչներին այն բանից հետո, երբ հեռարձակողի եթերում Հայաստանի փոխարեն ցուցադրվել էր Ադրբեջանի դրոշը.
«Իսրայելի ազգային հեռարձակող կազմակերպությունը («Կան») ներողություն էր խնդրել Հայաստանի հանրային հեռարձակողից այն բանից հետո, երբ հեռարձակողի լրատվական թողարկումներից մեկի ընթացքում, Եվրատեսիլ 2026-ի կիսաեզրափակչից առաջ, երկրի համար սխալ դրոշ էր ցուցադրվել։
Mako-ին հայտնի էր դարձել, որ անցած շաբաթ օրը երեկոյան, եզրափակիչից մի քանի ժամ առաջ, Վիեննայում ընդունելություն էր կազմակերպվել մրցույթին մասնակցող բոլոր հեռարձակող կազմակերպությունների տնօրենների համար։ Միջոցառման ճանապարհին վերելակում Գոլան Յոխպազը հանդիպել էր հայկական հեռարձակողի գլխավոր տնօրենին, որն էլ տեղեկացրել էր նրան միջադեպի մասին։ Յոխպազը խոստացել էր ուսումնասիրել հարցը և գրավոր պատասխան ուղարկել։
Յոխպազի ուղարկած պաշտոնական նամակում հայկական հեռարձակողի ներկայացուցչին նշվում էր, որ խոսքը «միայն գրաֆիկական սխալի» մասին է, որը տեղի է ունեցել «բարի մտադրությամբ» լրատվական թողարկման ընթացքում։ Ըստ նամակի՝ սխալը կայացել էր նրանում, որ Հայաստանի դրոշի փոխարեն ցուցադրվել էր Ադրբեջանի դրոշը։
Յոխպազը նշել էր, որ ներքին ստուգումը պարզել էր, որ խոսքը չմտածված տեխնիկական սխալի մասին է, և հավելել․
«Մենք գիտակցում ենք, որ նման սխալը չպետք է տեղի ունենար և անկեղծորեն ցավում ենք պատճառված ցանկացած թյուրըմբռնման համար»։
Նամակն ուղարկվել էր հայկական հեռարձակողի դիմումից հետո, որը պահանջել էր պարզաբանումներ այն սխալի վերաբերյալ, որը տեղի էր ունեցել Վիեննայում անցկացվող Եվրատեսիլի լուսաբանմանը նվիրված թողարկման ընթացքում»


