Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին՝ շեշտելով, որ ոչ միայն որևէ կտրուկ քայլի չեն դիմելու, այլև խորացնելու են դրանք։ «ՌԴ նախագահի հետ ունեմ ընկերական հարաբերություններ՝ բառիս բուն իմաստով։ Ես կասկածում եմ, որ 2018 թվականից մինչ օրս ՌԴ նախագահն ավելի շատ շփումներ որևէ այլ ղեկավարի հետ ունեցել է։
Այս ընթացքում ավելի քան 200 հեռախոսազրույց ենք ունեցել՝ միայն հեռախոսազրույց»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ 8 տարվա ընթացքում, գործնականում ամեն ամիս կամ ավելի հաճախ, ՌԴ կառավարության ղեկավարի հետ շատ ջերմ, ընկերական հարաբերություններ ունեն։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի նկատմամբ մեր վերաբերմունքը շատ ջերմ է.
«Այստեղ խնդիրն ուրիշ տեղ է։ Շատ դեպքերում ընդդիմությունը մեզ ասում է՝ Ռուսաստանի հետ հավասարը հավասարի պես հարաբերություններ… Ժողովուրդ ջան, լավ, եկեք բան չանենք. հումորը՝ հումոր, բայց… ՌԴ-ն գերտերություն է, և ՌԴ-ին պետք է վերաբերվել հարգանքով, ակնածանքով՝ ինչպես գերտերությանն են վերաբերվում»,- շեշտել է վարչապետը և ընդգծել, որ ինքն այդպես էլ վերաբերվում է՝ ոչ միայն ՌԴ-ին, այլև ՌԴ նախագահին ու ՌԴ կառավարության ղեկավարին։


