Վենետիկ դարձած իմ Երևան․ ի՞նչ խնդիրներ է առաջացրել հորդառատ անձրևը

Այսօր գիշեր հորդառատ անձրևի պատճառով Երևանը դարձել էր Վենետիկ:

Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ–ից, հորդառատ անձրևից առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ կառույցը ստացել է 670 ահազանգ։ Երևանում արձանագրվել է 40 դեպք, ջրահեռացման աշխատանքներ են իրականացվել 4 դեպքում։ Մի շարք հասցեներից փրկարարները հեռացրել են մոտ 276 տոննա ջուր։

Արգելափակումից դուրս է բերվել 55 տրանսպորտային միջոց։ Զոհեր և տուժածներ, բարեբախտաբար, չեն եղել։
Սակայն սա չի վերաբերում վնասներին, որ կրել են քաղաքացիները: Իսկ դրանք բազմաթիվ ու բազմապիսի են:

MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել քաղաքացիներից, որոնք կորցրել են իրենց պետհամարանիշները անձրևի ժամանակ.

«Գիշերը անձրևից հետո գրեթե ամեն երկրորդ մեքենայի համարները չկային, հիմա ի՞նչ անենք, կտուգանեն, եթե այսպես վարենք մեքենան, իսկ նոր համարներ հանելը գլխացավանք է»,– նշեց ահազանգած քաղաքացիներից մեկը։

Պարզվեց, այս խնդրով շատերն են դիմել Ոստիկանություն։ ՆԳՆ–ից հայտնեցին, որ քաղաքացիները պետք է դիմեն տարածքային բաժիններ, և եթե ավտոմեքենայի համարները գտնված լինեն, ապա դրանք անշուշտ կփոխանցվեն ավտոմեքենայի սեփականատիրոջը։

«Մանավորապես, եթե գիտեն այն տարածքը, որտեղ կորցրել են համարները, օրինակ՝ Կենտրոն վարչական շրջանում, ապա թող դիմեն Կենտրոնական տարածքային բաժին, համարը գտնված լինելու դեպքում կվերադարձվի ավտոմեքենայի սեփականատիրոջը»,– փոխանցեցին ՆԳՆ–ից։

Հիշեցնենք, սա առաջին դեպքը չի, որ հորդառատ անձրևի պատճառով խնդիրներ են առաջացել Երևանում, մայիսի 3-ին Երևանը կրկին դարձել էր Վենետիկ: Իսկ առջևում աշուն է…

Մարիաննա Արամյան

310 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն