Ում պետք է պատկանի շենքի տանիքը, նկուղը

Բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղները, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաև մեկից ավելի շինություններ սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումներն ու տարածքները, որոնք օրենքով նախատեսված կարգով չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն:

Iravaban.net-ը հայտնում է, որ սա սահմնաված է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածով։

Բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով կարող է պատկանել նաև տվյալ կամ այլ շենքում բնակարան կամ ոչ բնակելի տարածք, ինչպես նաև հողամաս, շարժական, անշարժ կամ ցանկացած այլ գույք:

Նույն օրենքի 7-րդ հոդվածով էլ սահմանված են ընդհանուր բաժնային սեփականության նկատմամբ սեփականատերերի իրավունքները, ըստ որի․

1. Շինության սեփականատերերն ընդհանուր բաժնային սեփականությունը տիրապետում, օգտագործում և տնօրինում են սույն օրենքով սահմանված կարգով:

2. Շինության սեփականատերերի կողմից սույն օրենքով սահմանված կարգով ընդունված որոշմամբ ընդհանուր սեփականությունից կարող է առանձնացվել բնակարան կամ ոչ բնակելի տարածք կամ դրա մաս, որը սույն օրենքով նախատեսված հարաբերակցությամբ հանդիսանալու է շինության սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականություն:

Սույն օրենքով սահմանված կարգով շինության սեփականատերերի կողմից ընդունված որոշմամբ կարող է օտարվել շենքի ընդհանուր բաժնային սեփականության առանձնացված մասը:

3. Շինության սեփականատերն իրավունք չունի առանձին օտարել ընդհանուր սեփականության իր բաժինը, ինչպես նաև կատարել շինության նկատմամբ սեփականության իրավունքից առանձին այդ բաժինն ուրիշին օտարման հանգեցնող այլ գործողություններ:

Կառուցվող բազմաբնակարան շենքում՝ մինչև սահմանված կարգով շահագործման ակտի ձևակերպումը, սեփականատերն իրավունք ունի վաճառելու, նվիրելու, փոխանակելու, ինչպես նաև գրավ դնելու բնակարանը՝ բաժնային ընդհանուր սեփականության իրավունքում հողամասի համապատասխան բաժնի հետ միասին, ինչպես նաև այն կարող է փոխանցվել համապարփակ իրավահաջորդության կարգով: Շահագործման ակտի ձևակերպումից հետո հողամասը կարող է օտարվել միայն բնակարանի հետ միասին:

4. Շինության սեփականատերն իրավունք չունի պահանջել, որ իր տիրապետմանը և օգտագործմանը տրամադրվի ընդհանուր գույքի մեջ իր բաժնին համաչափ մաս կամ բաժանել ընդհանուր բաժնային սեփականությունը:

5. Ընդհանուր բաժնային սեփականությունը կարող է օտարվել, տիրապետման կամ օգտագործման հանձնվել կամ դրա նկատմամբ սերվիտուտ սահմանվել, եթե այն օգտագործվելու է իր նպատակային նշանակությանը համապատասխան և չի խոչընդոտելու կամ վնաս պատճառելու շինության սեփականատերերին` իրենց շինությունները տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու ժամանակ:

6. Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականությունը տնօրինելուց, տիրապետելուց և օգտագործելուց ստացված միջոցները ներառվում են ընդհանուր գույքի կազմում` բաժնային սեփականության սեփականատերերի բաժիններին համամասնորեն, որոնք ուղղվում են պարտադիր նորմերի կատարմանը և շենքի կառավարմանը:

7. Ընդհանուր բաժնային սեփականության բաժանելի բարելավումներն անցնում են այն սեփականատիրոջ սեփականությանը, որը դրանք կատարել է, եթե այլ բան նախատեսված չէ բաժնային սեփականության սեփականատերերի ժողովի որոշմամբ:

8. Շինության սեփականատերն իրավունք ունի սահմանված նորմերի պահպանմամբ, առանց մյուս սեփականատերերի համաձայնության, օգտագործել իր շինության ներքին պատերը:

9. Շինության սեփականատերն իրավունք ունի նախօրոք, սույն օրենքով նախատեսված կարգով, իրազեկելով շենքի կառավարման մարմնին կամ շինության սեփականատերերին, իր ուժերով վերացնել ընդհանուր բաժնային սեփականության այն թերությունները, որոնք անմիջական վտանգ են սպառնում ընդհանուր բաժնային սեփականությանը, շինությունների սեփականատերերի կամ այլ անձանց գույքին, մարդկանց կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին: Նշված թերությունների վերացման ծախսերը պետք է հատուցվեն շինությունների սեփականատերերի կողմից այն չափով, որքան դրանք կլինեն հիմնավորված, համաչափ և չեն գերազանցի պատճառվելիք վնասի չափը թերությունները չվերացնելու դեպքում:

Իրավաբան.net
878 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն