«Թուրքերն էսօր բացում են…». ինչ էր նշանակում Փաշինյանի ականջին Միրզոյանի գաղտնի ասածը
«Թուրքերն էսօր բացում են, մի հատ «Welcome»–ի տեքստ անենք». Փաշինյանի ականջին ԱԳ նախարարի գաղտնի ասածը հայտնվել է ԶԼՄ–ներում:
Թուրքիայից Հայաստան ապրանք արտահանելիս այսուհետ որպես առաքման երկիր նշվելու է Հայաստանը։ Այսօր Շենգավիթում քարոզարշավի ընթացքում լրագրողի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ բացատրելով` ինչ էին նշանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքերը, թե «թուրքերը էսօր բացում են․․․»։
Այսօր ավելի վաղ Միրզոյանը մոտեցել էր քարոզարշավ իրականացնող Փաշինյանին և ականջին շշնջացել` «թուրքերն էսօր բացում են, մի հատ «Welcome»–ի տեքստ անենք»։ Եվ քանի որ Փաշինյանը բարձրախոսով էր, Միրզոյանի խոսքերը լսվեցին նաև ուղիղ եթերում։ Ավելի ուշ լրագրողները Միրզոյանից հետաքրքրվեցին, թե ինչ էր շշնջացել Փաշինյանի ականջին, Միրզոյանը պատասխանեց՝ կբացեն, կհասկանանք։ Միայն նշեց՝ «բացելը» հայ-թուրքական սահմանին չէր վերաբերում։


