Բախվել են «Porsche Panamera»-ն և «Hyundai Sonata»-ն․ «Porsche»-ը հայտնվել է մայթին․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է
Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։55-ի սահմաններում Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում բախվել են «Porsche Panamera» և «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Բախման հետևանքով «Porsche»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և հայտնվել հետիոտների համար նախատեսված մայթին։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Վլադ Դերզյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենաներից մեկի վարորդը Հայաստանում հայտնի փաստաբան Դավիթ Թումասյանն է։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Երջանիկ պատահականությամբ, երբ բախման հետևանքով «Porsche»-ը հայտնվել է մայթին, հետիոտներ այնտեղ չեն եղել, հակառակ դեպքում տեղի կունենար վրաերթ։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


