Հոնդուրասում ապրիլի 17-ին հայտնաբերվել է 17-ամյա «բովանդակաստեղծ» (content maker) Կատրին Մեխիա Արգետայի դին։ Ըստ տարածված տեղեկությունների՝ նրա մարմինը գտնվել է Տոկոա քաղաքի մոտակայքում գտնվող արմավենիների տնկարկում։
Ոստիկանությունը հայտնել է, որ աղջկա մարմնի վրա եղել են դաժան բռնության և խոշտանգումների հետքեր։
Իրավապահների նախնական վարկածով՝ սպանության հիմնական դրդապատճառը վրեժխնդրությունն է։ Քննության շրջանակում արդեն ձերբակալվել է մի 21-ամյա կասկածյալ։ Կատրին Մեխիա Արգետան TikTok-ում հայտնի էր իր պարային ու երաժշտական տեսանյութերով և ուներ տասնյակ հազարավոր հետևորդներ։ Նրա վերջին հրապարակումն արվել էր ապրիլի 15-ին՝ մահից երկու օր առաջ։
Աղջկա ընտանիքի անդամների խոսքով՝ նա վերջին անգամ տնից դուրս էր եկել ընկերների հետ հանդիպելու նպատակով, որից հետո անհետացել էր։ Մայրը պատմել է, որ իրեն հասած տեղեկություններով՝ երեք զինված անձինք աղջկան բռնությամբ նստեցրել են մեքենան և տարել անհայտ ուղղությամբ։