Տեխնիկական անսարքությո՞ւն, թե՞ ծրագրած գործողություն. ինչպես կանդրադառնա Ռաիսիի մա.հը հայ-իրանական հարաբերությունների վրա

«Հայկական ժամանակ»-ը իրանագետ Ժաննա Վարդանյանի հետ զրուցել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի ողբերգական վայրեջքի, դրա պատճառների ու հետևանքների, ինչպես նաև զոհված ուղևորների՝ մի շարք պետական բարձրաստիճան պաշտոնյաների մահվան հնարավոր հետագա հետևանքների մասին՝ թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական առումով:   — Տիկին Վարդանյան, Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ողբերգական վայրէջքը, ըստ Ձեզ, դժբախտ պատահա՞ր էր, թե՞ մեկ այլ վարկած ունեք:   — Կարծում եմ՝ զուտ պատահականություն էր:

Նախնական վարկածն այն է, որ վթարը եղել է եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով, և այն բավականին տրամաբանական է, այլ ինֆորմացիա այս ուղղությամբ չունենք: Հավանական տարբերակ կարող է լինել, օրինակ, ուղղաթիռում առաջացած որոշակի անսարքությունը, բայց սա ընդամենը վարկած է, և պաշտոնական որևէ հաստատված ինֆորմացիա չկա այս ուղղությամբ:   — Կյանքի իրավունք ունի՞ այն վարկածը, որ կարող էր լինել նախապես ծրագրած գործողություն: — Այո, և այդ առումով միանգամից սլաքներն ուղղվում են դեպի Իսրայելը, և առաջ է քաշվում Իսրայելի կողմից կազմակերպած լինելու վարկածը՝ հաշվի առնելով նախկինում այդ երկրի ձեռնարկած գործողությունները՝ թե՛ Իրանում կատարած տարատեսակ դիվերսիաները, թե՛ միջուկային ծրագրով զբաղվող գիտնականների սպանությունները, որոնց դեպքում ևս, ի դեպ, Ադրբեջանի անունը հոլովվել է:   Իրանական կողմից հայտարարվել է, որ այդ գործակալները, որոնք Իրանում միջուկային ծրագրով զբաղվող գիտնականի սպանություն են կատարել, Իրան են մուտք գործել Ադրբեջանից, կամ Ադրբեջանի տարածքով են հետագայում հեռացել և այլն:

Նախկինում նման միջադեպեր եղել են, բայց վերջին և խոշոր միջադեպը Իրանի դեսպանատան վրա հարձակումն էր Իսրայելի կողմից, և սա արդեն կարելի է ասել՝ նոր մակարդակ է: Սակայն կրկնում եմ՝ չենք կարող պնդել, որ սրա հետևում իսկապես Իսրայելն է կանգնած. պատահականության՝ դժբախտ պատահարի վարկածը առաջնային է՝ հաշվի առնելով այն եղանակային պայմանները, որ եղել են: — Բացի Իսրայելից, էլ ո՞ր երկրներին կամ ուժերին էր պետք Իրանի նախագահի և պաշտոնյաների մահը և ինչո՞ւ: — Նահանգների մասնակցությունը այս պահին չեմ դիտարկում: Ամեն դեպքում որքան էլ Իրանը և Նահանգները հակամարտության մեջ են, կողմերը երկխոսում են միմյանց հետ, և հաշվի առնելով, որ առաջիկայում Նահանգներում նախագահական ընտրություններ են սպասվում՝ չեմ կարծում, որ ԱՄՆ-ն հավելյալ գլխացավանքի կարիք ունի, նաև հաշվի առնելով տարածաշրջանում Նահանգների քաղաքականությունը, երբ վերջինս անընդհատ հորդորում է Իսրայելին գործողություններին վերջ տալ կամ գործողություններ չսկսել, օրինակ՝ Ռաֆա քաղաքում: Նահանգները ավելի շատ լարվածություն թուլացմամբ է շահագրգռված, քան հավելյալ խնդիրների առաջացմամբ: Կարծում եմ՝ առաջնային շահագրգիռը տվյալ դեպքում Իսրայելն է:

Այլ երկրների լայն առումով՝ միգուցե, բայց նեղ իմաստով դժվար թե ձեռնտու լիներ Իրանում նման մասշտաբի գործողություն կազմակերպելը և անկայունության խորացումը տարածաշրջանում: — Իսկ ինչո՞ւ է պետք Իսրայելին:   — Իրանը և Իսրայելը գտնվում են տևական հակամարտության մեջ, վերջին շրջանում էլ այդ հակամարտությունը նոր փուլ թևակոխեց, և եթե այդ վարկածը դիտարկենք առաջնային, ապա գուցե Իսրայելի պատասխան գործողություն էր Իրանի կողմից հրթիռակոծությանը: Բայց դեռևս շատ բարձր չի հավանականությունը, որ Իսրայելում կորոշեին նման մակարդակի և նման պաշտոնյաների մահափորձ կազմակերպել: Դա կարող էր լինել, օրինակ, զինվորականների մահափորձ, այլ երկրներում Իրանի պաշտոնյաների թիրախավորում, բայց՝ ոչ այս մակարդակի: Այսինքն՝ ես, միևնույն է, շարունակում եմ հակված լինել, որ զուտ խնդիրը եղել է տեխնիկական և ոչ թե արտաքին միջամտության հետևանքով:   — Իրանի բարձրաստիճան պաշտոնյանների և նախագահի մահը ինչպե՞ս կարող է  անդրադառնալ ներքաղաքական զարգացումների վրա, արդյոք կարո՞ղ է առաջանալ ճգնաժամային իրավիճակ:   — Ամեն դեպքում, ֆիքսենք, որ Իրանում ամենակարևոր և առաջնային դեմքը հոգևոր առաջնորդն է, և այդ առումով Իրանի պետական համակարգը շարունակում է գործել անխափան:   Բացի այդ՝ Սահմանադրությունը նախատեսում է, որ նման դեպքերում այդ պարտականությունները կատարելու է Իրանի նախագահի առաջին տեղակալը, այս դեպքում Մոհամմեդ Մոհբերին, ապա 50 օրվա ընթացքում ձևավորվում է խորհուրդ, որն էլ կազմակերպում է արտահերթ ընտրություններ:   Ռաիսիի կարևորությունը նրանում էր, որ նա բավականին ընդունելի գործիչ էր պահպանողական թևի համար և վայելում էր լայն աջակցություն պահպանողական տարբեր շրջանակների շրջանում, նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի: Ռաիսին մտերմիկ հարաբերություններ ուներ հոգևոր առաջնորդի հետ, ինչը դյուրացնում էր Կառավարության գործը: Մյուս կողմից՝ Ռաիսին համարվում էր հոգևոր առաջնորդի հետագա հնարավոր թեկնածուներից մեկը, այս առումով փաստացի ստացվում է, որ այդ հնարավոր թեկնածուն այլևս չկա, և մնում են մյուս հավանական տարբերակները:   Իրանն իրականում բավականին մեծ երկիր է, նաև կադրային առումով մեծ խնդիր չի ունենա, բայց վերջին տարիներին ձևավորվել էր մի իրավիճակ, երբ քաղաքական դաշտում ակնառու կերպար էր Ռաիսին, ակնկալվում էր, որ նա հաջորդ տարի ևս կհաղթեր ընտրություններում, և այս առումով կա խնդիր Ռաիսիի նման, կամ գոնե Ռաիսիին ձգտող գործչի ի հայտ բերելը և նրան քաղաքական դաշտ նետելը:   — Արտաքին քաղաքական և տարածաշրջանային առումով ի՞նչ հետևանքներ կարող են լինել: Հայաստանի հետ հարաբերությունների առումով միջադեպը որևէ ազդեցություն կունենա՞:   — Գլոբալ առումով դժվար ինչ-որ բան փոխվի, որովհետև Իրանում քաղաքականությունը միայն նախագահով կամ արտգործնախարարով չի պայմանավորված, այն հոգևոր առաջնորդների մակարդակում է իրականացվում, տարբեր ինստիտուտների մակարդակով մշակվում: Ընդհանուր քաղաքականությունը, որ վարվել է տարածաշրջանում, կշարունակի լինել նույնը նաև նոր նախագահի ու արտգործնախարարի դեպքում:   Իրանը շատ զարգացած համակարգեր ու ինստիտուտներ ունեցող երկիր է և այդ ունեցած մեխանիզմների միջոցով կարող է հաղթահարել նաև այս իրավիճակը: Ամեն դեպքում, գլոբալ առումով քաղաքականությունը, այդ թվում՝ Հայաստանի հետ, շատ ավելի բարձր մակարդակով է որոշվում:

 

https://mediaroom.am/int/item/54901-2024-05-20-18-11-18.htmlhttps://mediaroom.am/int/item/54901-2024-05-20-18-11-18.html

31 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն