SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 30-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Երևանի բնակիչ 38-ամյա Արտակ Կ․-ի տանից կատարվել է գողություն, իսկ կատարողը նրա 64-ամյա հայրն է, ով գողացել է բնակարանում պահած 42 մլն ՀՀ դրամ գումարը և տանից դուրս է եկել անցած տարվա դեկտեմբերի 30-ին և այլևս չի վերադարձել, բայց թողել է նամակ՝ «ես իմ ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ»։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի քրեական ոստիկաններին որդին հայտնել է, որ հայրը դեկտեմբերին իրենց տանից գաղտնի հափշտակել է 42 մլն դրամ գումար և տանից գնացել է և կապ չի հաստատում իրենց հետ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով որդին ոստիկաններին հայտնել է նաև, որ իր տեղեկություններով հայրը մի աղջկա հետ բնակվում է Երևանի հյուրանոցներից մեկում։Երևանի քրեական ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձին, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին։
https://blognews.am/arm/news/926930/?fbclid=IwY2xjawQJQI5leHRuA2FlbQIxMQBicmlkETJkYWJhVER1SFJJRzZyT1Zlc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHk_wIv7ipajAXGvnL4m1snYg8Xo1dgUa6dCWDCJ_bTaWaTN8YeB5cwLYlThy_aem_5jbaGRrm3s8c31HH_nXTcw