ArmLur.am-ին Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի(սպանության փորձ) և ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին (ապօրինի զենք)մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը հայտնել էր, որ Փետրվարի 16-ին Զովունիում կրակոցներից սպանված Ռուբեն Գ.-ն հայտնի դերասանուհի ու օպերային երգչուհի Արսինե Նավասարդյանի որդին է։ Այդ օրը, ժամը 23:50-ի մոտ, Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում կրակոցներ են հնչել։
Ռուբեն Գ.-ին կրակել է Զովունի գյուղի բնակիչ, 45-ամյա Արմեն Զ.-ն, ով փորձել է փախուստի դիմել, սակայն կարճ ժամանակ անց Նաիրիի ոստիկանության բաժնի ծառայողները նրան հայտնաբերել են Զովունի գյուղի 11-րդ փողոցի շենքերից մեկի հարակից տարածքում։
Նա ձերբակալվել է ծանր մարմնական վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով և տեղափոխվել Նաիրիի ոստիկանության բաժին, ապա ներկայացվել Նաիրիի քննչական բաժին։ Հանցագործությունը նա կատարել է իր անվամբ հաշվառված «Սայգա» տեսակի որսորդական ակոսափող հրազենից։
Shamshyan.com-ը հայտնել է, որ փետրվարի 19-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է Երևանի բնակիչ, 31-ամյա Ռուբեն Գ.-ն։ Նա ծանր հրազենային վնասվածքով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որը ստացել էր փետրվարի 16-ին Զովունի գյուղում կրակոցների ժամանակ։
https://www.facebook.com/share/1CaG2JQggV/