Կոչ ենք անում Երևանի ղեկավարությանը թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն և երկիրը տանի սխալ ճանապարհով․ ՌԴ ԱԳՆ

Բրյուսելում ապրիլի 5-ին կայացած Հայաստան-ԱՄՆ-ԵՄ ֆորմատով բարձր մակարդակի հանդիպումը դիտարկում ենք որպես Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական առճակատման մեջ ներքաշելու «Հավաքական Արևմուտքի» հերթական փորձ։ Այս մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ–ից։

«Հարավային Կովկասի գործերին արտատարածաշրջանային ուժերի անպատասխանատու և կործանարար միջամտությունը, տարածաշրջանի երկրների և նրանց հարևանների միջև սեպ խրելու ցանկությունը կարող է հանգեցնել առավել բացասական հետևանքների տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման համար, հրահրել նոր բաժանարար գծերի առաջացում, ինչպես նաև լարվածության անվերահսկելի աճ»,– նշվում է հաղորդագրությա մեջ։

ՌԴ ԱԳՆ–ից վստահություն են հայտնել, որ Արևմուտքը ցանկանում է Հայաստանը վերածել Հարավային Կովկասում իր չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի։

«Մենք գիտենք, որ Վաշինգտոնը և Բրյուսելը ձգտում են Հայաստանին դուրս բերել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, դուրս բերել ռուսական ռազմաբազան և սահմանապահներին։ Կոչ ենք անում Երևանի ղեկավարությանը թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն և երկիրը տանի սխալ ճանապարհով, որը հղի է անվտանգության վակուումի առաջացմամբ, տնտեսության մեջ լուրջ խնդիրներով և բնակչության արտահոսքով։ Բրյուսելում հայտարարված դրամաշնորհային աջակցության ծավալները չեն կարող համեմատվել այն բազմամիլիարդանոց օգուտների հետ, որոնք Հայաստանը շարունակում է ստանալ Մոսկվայի և ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությունից։ Հենց այս գործոններն են վերջին տարիներին ապահովել ապրանքաշրջանառության բազմակի աճ (2018թ.-ից չորս անգամ) և արդյունքում՝ ռեկորդային տնտեսական աճ և բնակչության բարեկեցության աճ։

Մենք հաստատում ենք մեր հանձնառությունը համակողմանիորեն խորացնելու և ընդլայնելու Հայաստանի հետ հարաբերությունները հիմնարար երկկողմ փաստաթղթերում և համաձայնագրերում ամրագրված սկզբունքների հիման վրա՝ ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաների միջոցով։ Համոզված ենք, որ ռուս-հայկական դաշինքի առաջանցիկ զարգացումը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների հիմնարար շահերի իրականացմանը, տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանը»,– հայտնել են ՌԴ ԱԳՆ–ից։

Նշվել է, որ Վաշինգտոնի և Բրյուսելի ճնշման տակ պաշտոնական Երևանը կասեցրել է 2020-2022 թվականների եռակողմ պայմանավորվածությունների կատարումը, որոնցից շատերի, մասնավորապես՝ փոխադարձ տրանսպորտային շրջափակման վերացման հարցում կողմերը մոտ էին փոխընդունելի լուծումներին։ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված խաղաղությանը։

«Հարավային Կովկասում և՛ տարածաշրջանային, և՛ երկկողմ բնույթի խնդրահարույց հարցերը պետք է լուծվեն «տարածաշրջանային պատասխանատվության» սկզբունքին համապատասխան, որը համաձայնեցվել է 2023 թվականի հոկտեմբերի 23-ին Թեհրանում «3+3» խորհրդատվական հարթակի երկրորդ հանդիպման ժամանակ, որի մասնակիցն էր նաև Հայաստանը։ Կոչ ենք անում արտաքին խաղացողներին հարգել այդ պայմանավորվածությունները, իսկ Երևանի իշխանություններին իրենց արտաքին քաղաքական գիծը կառուցելիս հաշվի առնել հարևան պետությունների մտահոգությունները»,– ասված է հաղորդագրությա մեջ։

https://blognews.am/arm/press/861044/?fbclid=IwAR3cs_pp9EOu6SsUr6PAPcIQl2S2cOtfQtbaaITI8DJQBGjOyMjkI5-y-es_aem_AaNEbIQd3JdrhMGldGZIbQl0aZN4tTvhqr48Ujl_XRrHRxghosRpZz_9DykxB741eHaBJZEGwlTELoVHVgTpjIU9
454 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն