Ինչպես կարող եք ազատվել «վատ վարկային պատմություն» ունենալու կարգավիճակից

Կենտրոնական բանկից հայտնում են, որ վատ վարկային պատմությունը կարող է հետագայում խոչընդոտ հանդիսանալ ֆինանսական ծառայություններից օգտվելիս: Այն կարող է հիմք հանդիսանալ նոր ստացվող վարկերի պայմանների խստացման կամ ընդհանրապես չտրամադրման համար:

Շատերը նույնիսկ տեղյակ չեն, թե ինչպիսի վարկային պատմություն ունեն: Ուստի, անհրաժեշտ է տեղեկանալ վարկային պատմության մասին՝ ստանալով Ձեր վարկային զեկույցը: Վարկային պատմության բարելավումը ժամանակ է պահանջում:

  • նախ, անհրաժեշտ է լիովին մարել նախկինում գոյացած ժամկետանց պարտավորությունները,
  • ժամանակին կատարել Ձեր վարկային մարումները և բացառել ժամկետանց՝ նույնիսկ մեկ օրվա կտրվածքով պարտավորությունների գոյացումը,
  • մինչ դիմելը ֆինանսական կազմակերպությանը և վարկ վերցնելը հստակ ձևակերպեք՝ ինչի համար եք վարկ վերցնում և որքան գումար եք ուզում: Կարճատև ժամկետում չափից շատ հարցումները Ձեր վերաբերյալ կարող է մեկնաբանվել այնպես, որ Դուք լուրջ ֆինանսական խնդիրներ ունեք կամ վերցնում եք ավել գումար, քան կարող եք Ձեզ թույլ տալ

Iravaban.net-ը փոխանցում է, որ վարկային պատմությունը փոփոխման ենթակա չէ առնվազն հինգ տարի, այսինքն վարկային բյուրոն Ձեր վարկային զեկույցում չի ներառում Ձեր վերաբերյալ հինգ տարուց ավելի տեղեկատվությունը:

«Վատ վարկային պատմություն» ունենալ նշանակում է ունենալ խնդրահարույց (ժամկետանց կամ դասակարգված) վարկեր, կամ հանդիսանալ վատ վարկային պատմություն ունեցող անձի համար երաշխավորող: Այն պահին, երբ խնդրահարույց վարկերի մասին տեղեկատվությունն այլևս չի արտացոլվում վարկային զեկույցում, նշանակում է, որ Ձեր վարկային պատմությունը բարելավվել է, և դուք այլևս չեք ունենում «վատ վարկային պատմություն» ունեցողի կարգավիճակ: Դա հնարավոր է հետևյալ դեպքերում.

  • սկսած ներկա պահից՝ հինգ տարուց ավել ժամանակահատվածում վարկատուն Ձեր խնդրահարույց վարկի (մարված կամ դուրս գրված) մասին տեղեկատվությունը չի թարմացրել,
  • եթե խնդրահարույց վարկը լիովին մարված է, և վերջին վճարման պահից անցել է հինգ տարուց ավել ժամանակահատված,
  • եթե Ձեր խնդրահարույց վարկի պայմանագրով սահմանված է վերջնական մարման ամսաթիվ, որն ունի հինգ տարուց ավել վաղեմություն:
641 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն