ՀՀ-ում 1 միլիոն դրամից պակաս անհուսալի վարկեր ունեցող 218 հազար մարդ կա. նրանց եկшմտային հարկը կուղղվի վшրկի մարմանը (Տեսանյութ)

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագծին, որով նախատեսվում է առնվազն 3 տարի անհուսալի դասակարգված վարկեր ունեցող անձանց աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկն ուղղել վարկի մարմանը, սակայն քաղաքացու վարկերի մայր գումարները միասին չպետք է գերազանցեն 1 մլն դրամը:

Բացի այդ, շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից բռնագանձվող գումարի չափը ներկայիս մինչև 50 տոկոսի փոխարեն կսահմանվի 20 տոկոս:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կա 218 հազար մարդ, ովքեր ունեն 1 միլիոն դրամից պակաս վարկեր, որոնք դասակարգված են որպես անհուսալի։

«Այսինքն՝ այս պահին այդ մարդիկ ունեն չկատարված 1 միլիոն ու ավելի քիչ պարտավորություններ բանկային համակարգի նկատմամբ, որի պատճառներով «սև ցուցակներ»-ում են, դատական ակտերի կատարման պրոցեսի մեջ են, հիմա մենք նրանց առաջարկում ենք, որ նրանք կարող են աշխատել ու աշխատանքի ընթացքում պարտքերը մարելու համար ոչ թե նրանց աշխատավարձի 50 տոկոսը կբռնագանձվի, այլ՝ 20 տոկոսը»,- նշեց նա։

Որոշումն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի փետրվարի 1-ից։

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասաց, թե բանկերը տույժ-տուգանքները 80 տոկոսով զիջելու են։

«Ինչո՞ւ ենք 80 տոկոսով զիջում, այլ ոչ թե 100, որովհետև զիջելու ժամանակ առաջանալու է 20 տոկոսի չափով հարկային պարտավորություն, այսինքն՝ բանկերն ամբողջությամբ են զիջում, 20 տոկոսն էլ տալու են պետությանը»,- մանրամասնեց ԿԲ նախագահը։

Կստեղծվի թվային հարթակ, որով մարդիկ կարող են դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ասել, որ ցանկանում են մասնակցել ու դառնալ ծրագրի շահառու։

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ այստեղ հայեցակարգային խնդիր կա, նշեց՝ ֆունդամենտալ խնդիրներից մեկը փողի հետ մեր հարաբերություններն են։

«Մեր հանրության մեջ մինչև վերջ ընկալված չէ, որ վարկ վեցնելը ռիսկ է ու պատասխանատվություն, օրը 20-30 նամակ եմ ստանում, մարդիկ ասում են՝ «վարկ ենք վերցրել, չենք կարողանում տալ, խնդրում ենք՝ օգնեք, վարկը փակել»։ Եթե շատ անկեղծ ասեմ՝ սա անընդունելի խոսակցություն է, չի կարելի, երբ մարդ վարկ է վերցնում, պետք է պլանավորի, թե հետո ոնց է անելու»,- նշեց նա։

Վարչապետի խոսքով՝ ամեն մարդ վարկ վերցնելիս պետք է իրեն հաշվի տա։

«Էլ չեմ ասում բազմաթիվ պատմություններ, որ «գյուղվարկ վերցնեմ, «նիվա» առնեմ, գնամ «նիվան» գցեմ ձորը, կառավարություն, հլը արի, տես ինչ ես անում»։ Կառավարությունն, իհարկե, այն դեպքերում, որտեղ կա օգնելու հնարավորություն, օգնում է, այնպես չէ, որ մենք մարդկանց ասում ենք՝ «էլ այստեղ չզանգես, չգրես»»,- հավելեց Փաշինյանը։

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
Մեկնաբանել