Ինչպես է ընդունվում ժառանգությունը, եթե ժամկետը բաց է թողնվել

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226 հոդվածի՝ ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:

Ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում: Այն դեպքում, եթե ժառանգը բաց է թողել սահմանված ժամկետը, ապա կարող է առանց դատարան դիմելու ժառանգությունն ընդունել սահմանված ժամկետի ավարտից հետո, եթե առկա է ժառանգությունն ընդունած մնացած բոլոր ժառանգների համաձայնությունը: Նման համաձայնություն պարունակող փաստաթղթերի վրա ժառանգների դրած ստորագրությունները պետք է վավերացվեն նոտարի կամ նոտարական գործողություններ կատարելու համար լիազորված պաշտոնատար անձի կողմից:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1230 հոդվածի՝ ժառանգությունից հրաժարվելն իրականացվում է ժառանգի կողմից ժառանգության բացման վայրի նոտարին դիմում տալու միջոցով:

Ժառանգությունից հրաժարվելու դեպքում ժառանգն իրավունք ունի նշել, որ նա դրանից հրաժարվում է հօգուտ ըստ կտակի կամ ըստ օրենքի ցանկացած հերթի ժառանգների` ներառյալ նրանց, ովքեր ժառանգում են ներկայացվելու իրավունքով:

Սույն հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ժառանգությունը ընդունելու համար՝ սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում, անհրաժեշտ է ժառանգությունն ընդունած մնացած բոլոր ժառանգների համաձայնությունը կամ դիմումի առկայությունը ժառանգությունից հրաժարված լինելու վերաբերյալ, իսկ դիմումը ներկայացվելու է ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226 հոդվածի 3-րդ մասին համաձայն՝ ժառանգության ընդունման եղանակներից է նաև ժառանգվող գույքը փաստացի տիրապետելը, երբ ժառանգը սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը`

• միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար.
• իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր.
• իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:

Տվյալ դեպքում անհրաժեշտ ապացույցներ ներկայացնելու դեպքում ժառանգը համարվում է ժառանգությունն ընդունած ժառանգ:

Հարկ է նշել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228 հոդվածի 2-րդ մասը, ըստ որի ՝ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգի դիմումի հիման վրա դատարանը կարող է նրան ճանաչել ժառանգությունն ընդունած` հարգելի համարելով ժամկետը բաց թողնելու պատճառները, եթե պարզվի, որ ժամկետը բաց թողնելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ժառանգը չգիտեր և պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին ու պայմանով, որ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգն այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, դիմել է դատարան:

Իրավաբան.net
46 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն