Iravaban.net–ը ներկայացնում է Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2024 թ․ մայիսի 16-ի N 710-Լ և 2024 թ․ հունիսի 14-ի N 898-Լ որոշումներում լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը ապահովել տվյալ միջոցառման իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգի ապահովման մշակումն ու ներդրումը «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն հիմնադրամի միջոցով, ինչպես նաև շահառուներին ապահովել ծառայության կայքէջի միջոցով սոցիալական աջակցության տրամադրման վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը։
Ի՞նչ է նախատեսում նախագիծը
Նախագծով նախատեսվում է կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի երկարաժամկետ մասնակի հատուցման եղանակով սոցիալական աջակցություն տրամադրել Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի պայմաններին բավարարող, սակայն Ծրագրի փոխարեն վարձավճարի երկարաժամկետ հատուցման միջոցով կացարանի լուծման տարբերակն ընտրած ընտանիքները։
Ու՞մ համար է նախատեսված
Նախատեսված է օրենսդրությամբ սահմանված կարգով պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման հերթացուցակում հաշվառված, Ծրագրի շրջանակում բնակարանի, կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքը, անհատական բնակելի տան ձեռքբերման, անհատական տան կառուցման հավաստագիր չստացած կամ այն չեղարկած 1-3 անդամներից բաղկացած ընտանիքների համար։
Ինչպես նաև, այն ընտանիքներին, որոնց անդամների տարիքների հանրագումարը 115 և ավելի է՝ 2 անդամի դեպքում, իսկ 3 անդամի՝ տարիքների հանրագումարը 175 և ավելի է։
Որքա՞ն գումար է նախատեսված
Աջակցության ամսական չափը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար սահմանվում է 40000 դրամ, որը նախատեսվում է սոցիալական աջակցությունը տրամադրել 120 ամիսների ընթացքում։
Ի՞նչ ազդեցություն կունենա նախագիծը պետական բյուջեի վրա
Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում։
Իրավական հիմքը
Որոշման նախագիծը հիմնվում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի երկու հիմնական դրույթների վրա։
Օրենքի 7-րդ հոդվածը Կառավարությանը իրավունք է տալիս հաստատել սոցիալական աջակցության ծրագրեր՝ հրատապ արձագանք պահանջող իրավիճակների հետևանքները վերացնելու կամ մեղմացնելու նպատակով։
Օրենքի 25-րդ հոդվածը սահմանում է, որ կացարանով ապահովումը կարող է իրականացվել բնակարանի վարձակալության վարձավճարի ամբողջական կամ մասնակի հատուցման միջոցով։
Բացի այդ, նախագիծը համապատասխանում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներին՝ որոնք կարգավորում են իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը, – տեղեկացնում է Iravaban.net–ը ։
https://www.facebook.com/Iravabannet/posts/pfbid02KaUgBZ7Euz88w9mBTKQf9GWrFCGNjKhX6zECoJXD1MCw69MZgf8K16LBaorqQRWul