Մա հանալուց առաջ ասել է՝ «Մարիամին կփոխանցես, որ խոստումս ուժի մեջ է»։ Հորեղբայրս հարցրել է «ի՞նչի մասին է խոսքը», ասել է…

«Ես չգիտեմ՝ ինչո՞ւ և ինչպե՞ս այսպես ստացվեց իմ կյանքը։ Դեռ մի ցավին չընտելացած, 2-րդ հարվածը ստացա, մեկը մեկից ուժեղ։ Առանց սիրելի մարդկանց, չի ապրվում, կիսատ եմ»….

MediaHub-ի զրուցակիցը ստեփանակերտցի Մարիամ Բեգլարյանն է։ Նրա եղբայրը՝ Միքայելը, զո հվեց 2020 թվականի պատ երազմում, ասում է. «Մղձավանջ էր ընտանիքիս համար, թվում էր, թե ամեն ինչ փլուզվել է, եղբորս մահով մնացել էի մենակ, քանի որ ընտանիքում ես և եղբայրս էինք»։

Եղբոր կորստին դեռ չէր ընտելացել, երբ մի օր հանդիպեց Ռադիկին, իր ասելով՝ «աշխարհի ամենաբարի ու հոգատար մարդուն», ով օգնեց Մարիամին հաղթահարել կյանքի այդ ծանրագույն փուլը։ Կարճ ժամանակում մտերմությունը Ռադիկի հետ վերածվեց փոխադարձ սիրո և զույգը որոշեց ընտանիք կազմել։

«Մեր ծանոթությունից 2 տարի անց որոշեցինք ամուսնանալ։ Մի քանի անգամ հետաձգեցինք հարսանիքը՝ հասկանալի պատճառով։ Սկզբից որոշեցինք սեպտեմբերի 19-ը: Հետո Ռադիկի որոշմամբ ամուսնացանք օգոստոսի 29-ին. բլոկադայի ամենաթեժ օրերն էին։ Հարսանիքին նախապատրաստվել ենք 20 օրում, միասին ապրել 20 օր»,- ասում է մեր զրուցակիցը։

Սեպտեմբերի 18-ին ծառայության վայրում էր, 19-ին, երբ նորից պատ երազմ սկսվեց, Ռադիկն արդեն դիրքերում էր։

Կինը չի հիշում քանի անգամ է զանգել, չի հաջողվել տեղեկություն իմանալ նրա որպիսության մասին։ Բայց, Ռադիկն իր բնավորության համաձայն, հաջորդ օրը զանգել ու Մարիամի ամենասիրելի խոսքերն է ասել․ «լավ եմ, որտեղ լինեմ տուն եմ գալու»։

«Սեպտեմբերի 24-ին եկավ, տրամադրություն չուներ։ Հեշտ չէ գիտակցել, որ պարտվել ես ու պիտի լքես հայրենիքդ։ Բայց ստիպված էինք դա անել։ Հաջորդ օրը Ստեփանակերտում վառելիք էինք փնտրում, որ բռնենք գաղթի ճանապարհը։ Գնաց «Մռակած» բենզալցակայան, զանգեց ասաց, որ հեռախոսի մարտկոցի էներգիան վերջանում է, «Power bank»-ը մոտեցնեմ։ Գնացի, մի քիչ զրուցեցինք, այնքան տխուր էր այդ օրը։ Բայց հագել էր իր սիրելի հագուստը, կապել ժամացույցն ու կրել մեր ամուսնական մատանին։ Երբ եկավ իր ընկերը, ես չմնացի, հետ եկա տուն, որ հավաքեմ իրերը։ Դա մեր վերջին հանդիպումն էր»։

Մարիամը երեկոյան է իմացել վառելիքի պահեստում բռնկված հրդեհի ու պայթյունի մասին։ Երբ հորեղբայրն ասել է լուրը, սիրտը զգացել է, Ռադիկի հետ ինչ-որ բան այն չէ․ «Պատահական մեքենայով գնացինք հիվանդանոց։ Այդ տեսարաններից ուզում էի խելագարվել։ Ես կյանքում չեմ մոռանա։ Երևի ամենաուժեղ կինոարտադրողները, ռեժիսորները չեն կարող նման կադրեր ստանալ։ Բոլորն օգնություն էին խնդրում, մի մասը շոկից զոմբիի պես վառված վիճակում քայլում էին, իսկ ես, «Ռադիկ» գոռալով, վազում էի հիվանդասենյակներով՝ չգտնելով նրան։ Հետո հորաքույրս զանգերով իմացել է, որ Ռադիկը ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքում է։ Այդ ընթացքում եկավ հորեղբայրս, ասաց, որ զանգ է ստացել Ռադիկից, ողջ է, բայց վիճակը ծանր է»։

Մարիամին հետո բուժաշխատողները պատմել են, որ չնայած մարմնի 70%-ն այրվել էր, Ռադիկի գիտակցությունը տեղն է եղել։ Ասել է․ «Ես կլինիկական մ ահ եմ տարել, հետո լսել եմ Մարիամիս աղոթքի ձայնը, երբ բացել եմ աչքերս պառկած էի գետնին, ինձ վրա անձրև էր մաղում, ես հովանում էի»։

Այդ ժամանակ բժիշկներն ու կողքին պառկած մարդիկ չգիտեին՝ նույնիսկ ո՞վ է Մարիամը։ Ուշ գիշերին բուժքրոջ հեռախոսով Ռադիկը կապ է հաստատում կնոջ հետ։ «Մա՛շ, ամեն ինչ լավ է լինելու, չմտածես»,- դա երիտասարդ ամուսինների վերջին խոսակցությունն էր։

Հաջորդ օրը Ռադիկն ուղղաթիռով տեղափոխվել է Երևան։ Սեպտեմբերի 28-ին հիվանդանոցում արձանագրվում է նրա մ ահը։ Սիրտը կանգ է առնում։ Մարիամին լուրը չեն հայտնում, որովհետև մի առանձին փորձություն էր գաղթի ճանապարհը։ Միայն Երևանում նա իմացավ սիրելիի մա հվան մասին։

«Վերջին անգամ հիվանդասենյակ է մտել հորեղբայրս։ Մահանալուց առաջ ասել է՝ «Մարիամին կփոխանցես, որ խոստումս ուժի մեջ է»։ Հորեղբայրս հարցրել է «ի՞նչի մասին է խոսքը», ասել է՝ «ասա, որ անպայման տուն եմ գալու»»,- պատմում է կինը։

Ծառայությանը զուգահեռ Ռադիկը զբաղվում էր նաև նկարչությամբ ու կավագործությամբ։

«Կավից հրաշքներ էր գործում, ինքն էլ հրաշալի մարդ, ու ոչ թե նրա համար, որ ամուսինս է, այլ չափազանց բարի սիրտ ուներ, կայուն, վստահելի և ուժեղ մարդ էր»

2 331 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն