Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 18-ին, առեղծվածային կրակոց և մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դեմիրճյան 1 հասցեում գտնվող էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի քրեական վարչության պետ Հայկ Հարությունյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանը, հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանն ու վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանը։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում՝ վարորդի նստատեղին հայտնաբերվել է տղամարդու դի՝ հունքի շրջանում հրազենային վնասվածքով։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրա ձեռքում հայտնաբերվել է նաև ատրճանակ, իսկ ավտոմեքենայից դուրս համայնքային ոստիկանները հայտնաբերել են կրակված գնդակ։
Ավտոմեքենայի առջևի դռան ապակին վարորդի կողմից նույնպես վնասված է կրակոցի հետևանքով։ Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Ազատ Դանիելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Խաչատուր Պողոսյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։Ըստ նախնական տեղեկությունների տղամարդը ավտոմեքենայի մեջ ատրճանակով ինքնասպան է եղել։