Ցավով հայտնում ենք, որ երեկ կյանքից հեռացել է ազատամարտիկ, գնդապետ Էդիկ Մարկոսյանը: Մարկոսյանը, կամ ինչպես իրեն շատերը ճանաչում են՝ «Շռամ Էդոն», Հայաստանի լավագույն հետախույզներից էր, ֆիդային, կամավորական, մահապարտ, հրամանատար և գնդապետ։
MediaHub-ը կապ հաստատեց ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանի հետ, ով էլ հաստատեց մահվան լուրը, ապա խոսեց ընկերոջ անցած ուղու մասին.
«Էդիկ Մարկոսյանը ոչ միայն իմ ընկերն է, իմ մարտական ընկերը, այլ նաև ամենաուժեղ հետախույզն էր Հայաստանում, նրան գիտեն բոլոր զինվորականները, բոլոր կռված տղաները։ 1988թ–ին, երբ շարժումը սկսվեց, նա շարժման մեջ է եղել. ֆիդայական շարժումը սկսելուց՝ ֆիդային էր, 1992թ–ին մահապարտ է եղել, կարելի է ասել, որ բոլոր թեժ կետերում Մարկոսյան Էդոն մասնակցել է։ Իր մասին նույնիսկ ադրբեջանական ֆիլմում հատված կա, բնականաբար, որպես բացասական կերպար: Էդիկը շատ լավ էր հասկանում պատերազմից, շատ ուժեղ էր, այն տիպի, որ եթե իր կողքը չլինեիր՝ կարող է 1000 անգամ մահանայիր»,– հիշում է Մկրտչյանը։
Մարկոսյանը Շամշադինում երկար տարիներ եղել է հետախույզի պետ, ապա նշանակվել Կիրովականի ուսումնական զորամասի գնդի հրամանատար, որտեղ պատրաստում էին հետախույզների։
«Ապրիլյան պատերազմը սկսվեց՝ «Շռամ Էդոն» արդեն հրամանատար չէր, բայց որպես կամավոր էր մասնակցում, և Հադրութում այդ ժամանակ իրեն նշանակեցին կամավորների հետախույզների պետ։ 2020թ–ի պատերազմին ևս նա մասնակցել է, մեծ աշխատանք է տարել 44–օրյա պատերազմում, սակայն, շատ ծանր տարավ պարտությունը, կարելի է ասել՝ պարտությունն ազդեց իր առողջական վիճակի վրա, քայքայեց»,– ասաց Մկրտչյանը։
Մահվան պատճառը մի շարք հիվանդություններն էին, որ գլուխ էին բարձրացրել պարտությունից ծանր ապրումների ֆոնին: Մկրտչյանը նշեց, որ որոշ ժամանակ է Էդիկ Մարկոսյանը կոմայի մեջ է եղել, մի քանի օր առաջ դուրս եկել կոմայից, և թվում էր՝ ամենը նորմալ էր, սակայն, ցավոք, մահն ավելի ուժեղ գտնվեց. հետախույզ Էդիկ Մարկոսյանը կյանքին հրաժեշտ տվեց օգոստոսի 13-ին։