«Սիրտը բաց էր, ինչը նրան շատ էր խանգարում»․ Արամոն՝ Արա Մարտիրոսյանի մասին

Բացառիկ հումորի տեր մարդ՝ նվիրված թե աշխատանքին, թե ընկերներին․ Արա Մարտիրոսյանին այսպես է բնութագրում Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արամոն։ «Սիրտը բաց էր, ինչը նրան շատ էր խանգարում, ամեն ինչին հավատում էր։ Ուներ բացառիկ հումոր, նվիրված էր թե աշխատանքին, թե ընկերներին»,-նշում է երգիչը։

Արամոն հիշում է՝ Արայի հետ առաջին անգամ հանդիպել էին Երգի պետական թատրոնում․

«Եթե չեմ սխալվում՝ 1995 թ-ին էր։ Դրանից հետո մեր ինտեսիվ հանդիպումները եղան «Պիոներ» ակումբում, որտեղ երգում էինք ես, Էմման, Արան, Ֆորշը, Արմինե Նահապետյանը, Լիանան․․․ Ֆանտաստիկ օրեր ենք ունեցել։ Ֆանտաստիկ տեմբր ուներ Արան՝ հիանալի, թավշյա․․․Կարծում եմ՝ նրա ձայնը միշտ կմնա մեր ժողովրդի ականջներում։ Բացառիկ պրոֆեսիոնալ էր երգի մեջ, շատ երաժշտական էր ու ճկուն։ Ես մեր երգիչներին սիրում եմ, գնահատում, բայց կարծում եմ՝ նրա ձայնն ուրիշ էր։ Ինքը, ցավոք սրտի, ֆիզիկապես հեռացավ մեզանից, բայց ինչպես մեր սիրելի Հայկոյի, այնպես էլ Արայի երգերը մնալու են, եւ մեր հանրությունը լսելու է դրանք։ Մնայուն գործ են արել, եւ նրանք միշտ մեզ հետ են լինելու»։

Արա Մարտիրոսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենում այս պահին՝ Արամ Խաչատրյան համներգասրահում։ Այն տեւելու է մինչեւ 13:30: Սիրված արտիստի հոգեհանգստի արարողությունը տեղի էր ունեցել երեկ՝ դեկտեմբերի 19-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։

https://style.news.am/arm/news/100290/sirty-bac-er-inchy-nran-shat-er-khangarum%E2%80%A4-aramon-ara-martirosyani-masin.html

905 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն