Ինչ աջակցություն է նախատեսվում տեղահանվածներին բնակության ու կոմունալ ծախսերի համար

Փոխվարչապետ, «Հումանիտար կենտրոնի» աշխատանքները համակարգող Տիգրան Խաչատրյանը և Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ցուցաբերվող աջակցության վերաբերյալ վերջին տվյալներն է ներկայացրել:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նախ անդրադարձել է Վարչապետի՝ նախօրեին արված գրառմանը, ըստ որի՝ հոկտեմբերի 1-ից տեղահանված անձանց տրամադրվելու է բնակարանների վարձակալության համար գումարներ՝ կրկին յուրաքանչյուր անձի համար: Սա արդեն միջնաժամկետ ծրագրի շրջանակում կիրականացվի և յուրաքանչյուր անձի համար կտրամադրվի 40 000 դրամ: Այս ծրագիրը չի տարածվում այն մարդկանց վրա, ովքեր Հայաստանում ունեն բնակարաններ: Փոխվարչապետը նշել է, որ յուրաքանչյուր անձի համար կտրվի նաև 10 000 դրամ, որը նախատեսված է կոմունալ ծախսերի համար: Կառավարության որոշմամբ, այս աջակցությունը կտրվի առաջիկա 6 ամիսների համար: Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ սա չի նշանակում է, որ 6 ամիս հետո Կառավարությունը չի ունենա աջակցության ծրագրեր, այլ այդ ամիսների ընթացքում կմշակվեն աջակցության երկարաժամկետ ծրագրերը: Փոխվարչապետը հորդորել է բոլոր տեղահանված անձանց արդեն իսկ այսօրվանից սկսեն վարձով բնակարանների որոնումները 6 ամիս ժամկետով բնակվելու համար: Նա այս առումով կարևորել է կամավորների աջակցությունը՝ բնակարանների որոնման և ընտրության հարցում: Բնակարանների վարձակալությունը չունի մարզային սահմանափակում:

Նազելի Բաղդասարյանը ներկայացրել է, որ Ֆինանսների նախարարությունը գանձապետական հաշիվ է բացել Հայաստանում և արտերկրում բնակվող քաղաքացիների կողմից ցանկացած տարադրամի միջոցով նվիրատվությունների համար: Գանձապետական հաշվի համարն է՝ 900005002762:

Ըստ վերջին տվյալների՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց թիվը կազմում է 100 483, 21 079 տրանսպորտային միջոց հատել է Հակարիի կամուրջը, հաշվառվածների թիվը կազմում է 84 408: 45 516 անձ օգտվել է պետության կողմից առաջարկվող կեցավայրերից, ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արագածոտնի մարզ՝ 2262 մարդ, Արարատի մարզ՝ 12638 մարդ, Արմավիրի մարզ՝ 3943 մարդ, Գեղարքունիքի մարզ՝ 3516 մարդ, Լոռու մարզ՝ 2252 մարդ, Կոտայքի մարզ՝ 11132 մարդ, Շիրակի մարզ՝ 2114 մարդ, Սյունիքի մարզ՝ 3655 մարդ, Վայոց Ձորի մարզ՝ 1756 մարդ և Տավուշի մարզ՝ 2129 մարդ:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է նաև հրատապ կարիքները հոգալու նպատակով պետության կողմից տրամադրվող 100 000 դրամ միանվագ աջակցության ստացման գործընթացին: Անկախ տարիքից՝ տրամադրվող դրամական աջակցության ստացման համար հաշվառումը տեղի կունենա Երևան քաղաքից դուրս՝ բոլոր մարզպետարաններում և խոշոր բնակավայրերում գործող միասնական սոցիալական ծառայությունների միջոցով: Նրանք, ովքեր կունենան բանկային քարտեր և հաշիվներ, նրանց համար այդ հաշվառման և աջակցության փոխանցումը կկատարվի ավելի արագ, իսկ նրանք, ովքեր դեռևս չունեն բանկային հաշիվներ և քարտեր, մի քանի օր ժամանակ կպահանջվի տեխնիկապես այդ ամենը կազմակերպելու համար: Տիգրան Խաչատրյանը հավելել է, որ այս գործընթացի վերաբերյալ երկուշաբթի օրը կհրապարակվի Կառավարության կարգը, և երեքշաբթի օրվանից տեղահանված անձինք հնարավորություն կունենան դիմել և ներկայացնել իրենց դիմումները: Անչափահաս երեխաների դեպքում, ծնողներից մեկը դիմումում պետք է նշի իր բանկային քարտի համարը կամ բանկային հաշվեհամարը:

 

https://iravaban.net/444271.html?fbclid=IwAR0htl0zqdQlHTULeLrmnKMfx3LJ91nTdQgiWIeIyi1mwv8f04aGAU-p1Yc

645 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն