Կիրակի երեկոյան մամուլում կայծակնային արագությամբ սկսեցին լուրեր տարածվել մի շարք բարձրաստիճան պաշտոնյանների պաշտոնանկությունների մասին։
Առավոտյան առաջինն իր հրաժարականի մասին հայտնեց բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը:
Այնուհետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում կատարեց, ըստ որի՝ հաշվի առնելով մամուլում և սոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները՝ հարկ է համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները:
Վարչապետի գրառումից հետո իրենց հրաժարականների մասին հայտարարեցին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:
Նկատենք, որ Կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ դժգոհություն էր հայտնել իրավապահ կառույցների ղեկավարներին՝ շեշտելով, որ իր համբերության բաժակը լցվել է, և կայացնելու է որոշումներ, այդ թվում՝ դատաիրավական համակարգին վերաբերող։
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով կառավարական կաբինետում տեղի ունեցող պաշտոնանկություններին, նկատում է՝ հեռացող պաշտոնյանների խոսքում ընդհանրություն կա, սակայն նրանք չեն հստակեցնում, թե որն է բուն պատճառը ազատումների։
Վերջինս օրինակ է բերում Քյարամյանի հրաժեշտի ուղերձի այն հատվածը, որ ինքը պաշտոնից հրաժարվում է իր որոշմամբ, որն էլ բխում է վերջին շրջանում ընդհանուր իրավապահ համակարգի գործունեության շուրջ ստեղծված իրավիճակից ածանցվող ներքին վերագնահատումներից։
Զրուցակիցը կարծում է, որ պաշտոնից ազատված անձինք չեն նշանակվի այլ պաշտոնների: Ըստ նրա՝ եթե վարչապետի գնահատմամբ նրանք մի բնագավառում ձախողել են, ապա հիմք չկա այլ ոլորտ վստահելու:
Ըստ իրավապաշտպանի՝ նախկիններին փոխարինող նոր կադրեր, իհարկե, կան, այլ հարց է՝ նրանց ընդունելի կհամարի քաղաքական իշխանությունը, թե ոչ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
Նյութի աղբյուր