ԿԳՄՍՆ-ն զգուշшցնում է դպրոցներին, աշшկերտներին և նրանց ծնпղներին

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով իրենց ենթակայության տակ գտնվող հանրակրթական դպրոցներին հանձնարարել ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում:

«Գրության մեջ նշվում է, որ 2024-2025 ուսումնական տարին հայտարարվել է մշակութային կրթության տարի, և այդ համատեքստում ակնկալվում է, որ դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ: Մշակութային վերջին զանգի կազմակերպումը խրախուսելու նպատակով նախարարության կողմից նախատեսվում է նաև մրցույթի անցկացում. կձևավորվի ժյուրի, որի կողմից ընտրված լավագույն միջոցառումները կազմակերպած դպրոցները կպարգևատրվեն:

Միաժամանակ, շրջաբերական գրության մեջ շեշտվում է, որ վերոնշյալ միջոցառումների կազմակերպման ընթացքում պետք է բացառել պարտադրված դրամահավաքը:

««Վերջին դասի» միջոցառումների կազմակերպման շրջանակում անհրաժեշտ է բացառել դրամահավաքությունը, այդ թվում նաև ծնողների նախաձեռնությամբ կազմակերպված՝ ուղղված սցենարին, լուսանկարահանմանն ու տեսանկարահանմանը, դպրոցների և դասարանների ձևավորմանը, հագուստներին, ավարտական երեկոյին և նվերներին»,- մասնավորապես նշվում է շրջաբերականում:

Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների տնօրեններին:

Հավելենք, որ պարտադրված դրամահավաքների դեպքում ծնողները կարող են զանգահարել ԿԳՄՍ նախարարության թեժ գծին՝ 010-599-600 հեռախոսահամարով»,-նշվում է նախարարության հայտարարության մեջ:

https://iravaban.net/511842.html?fbclid=IwY2xjawIpNLZleHRuA2FlbQIxMAABHX5gqDJkOOc7OA4SmAZTk75UCIs49bld8QLehMDneB2XX_s5lVEINLsJaQ_aem_f7GQFXF2vCCP108UsJT5sg
Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել