Լավ լուր՝ վարձով բնակվողների համար․ վարձի գնի չափերի հետ կապված փոփոխություն է նախատեսվում

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ քաղաքացիական օրեսնգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու վերաբերյալ, որով առաջարկվում է սահմանել բնակարանի վարձակալության պայմանագրի շրջանակներում վարձակալ հանդիսացող անձանց իրավունքների պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ:

Iravaban․net-ը հայտնում է, որ նախագծով մասնավորապես նախատեսվում է անորոշ ժամկետով կնքված բնակարանի վարձակալության պայմանագրից միակողմանի հրաժարվելու համար սահմանել նախնական ծանուցման վեցամսյա ժամկետ, իսկ բնակարանի վարձակալության պայմանագրով սահմանված վարձավճարի վերանայման նվազագույն ժամկետ սահմանել մեկ տարին:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին ժամանակներում բնակարանների վարձակալության բնագավառում առաջացած գնաճը զգալի դեպքերում անբարենպաստ հետևանքներ է առաջացրել ՀՀ քաղաքացիների համար: Մասնավորապես դա դրսևորվել է վարձակալության պայմանագրերով նախատեսված վարձավճարի չափի պարբերական աճով կամ վարձատուի միակողմանի կամահայտնությամբ վարձակալության իրավահարաբերությունները դադարեցնելու ցանկությամբ: Ընդ որում՝ բնակարանների վարձավճարի չափը շատ դեպքերում համադրելի չէ  քաղաքացիների ստացած միջին ամսական եկամուտի հետ:

Միաժամանակ, ՀՀ անշարժ գույքի շուկայում իրականացված վարձակալական գործարքների վերլուծության տվյալների համաձայն՝ 2022 թվականի ընթացքում իրականացված բնակարանի վարձակալության գործարքների թիվը 2021 թվականի համեմատ աճել է 3.9%-ով, իսկ անհատական բնակելի տներինը՝ նվազել 26.4%-ով, ինչը խոսում է վարձակալության պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցման խիստ ցածր ցուցանիշների մասին, ի տարբերություն փաստացի վարձակալության տրված բնակարանների քանակի:

Նշվածի արդյունքում վարձակալների իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքների սահմանման անհրաժեշտություն է առաջացել՝ հատկապես հաշվի առնելով բնակելի տարածքով ապահովված լինելու հանգամանքի կենսական կարևորությունը, ինչպես նաև քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ կառուցակարգերի ներդրման կարիքը:

Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի որոշակիորեն զսպել վարձակալության պայմանագրերով նախատեսված վարձավճարի չափի պարբերական և անկայուն աճը, ինչպես նաև խթանել վարձակալության պայմանագրի կողմերի՝ վարձակալության պայմանագրերի կնքման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման օրենքով սահմանված կարգը պահպանելուն:

https://mediaarm.am/hy/page/%D5%AC%D5%A1%D5%BE-%D5%AC%D5%B8%D6%82%D6%80-%D5%BE%D5%A1%D6%80%D5%B1%D5%B8%D5%BE-%D5%A2%D5%B6%D5%A1%D5%AF%D5%BE%D5%B8%D5%B2%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80-%D5%BE%D5%A1%D6%80%D5%B1%D5%AB-%D5%A3%D5%B6%D5%AB-%D5%B9%D5%A1%D6%83%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%BF-%D5%AF%D5%A1%D5%BA%D5%BE%D5%A1%D5%AE-%D6%83%D5%B8%D6%83%D5%B8%D5%AD%D5%B8?fbclid=IwAR2VXogMTCgbDqS5dbDEsJf6hLh3DM93ZHzk8KBb5M07FaZNXlNBOR32J2A

1 928 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն