Եվրոպայում ուղևորատար ինքնաթիռներն արդեն երկրորդ օրն անընդմեջ ականապատման սպառնալիքների մասին հաղորդագրություններ են ստանում, փոխանցում է «Գարդիան» պարբերականը։ Թերթի տեղեկություններով՝ այդ հաղորդագրությունների պատճառով առնվազն 35 ինքնաթիռ խուզարկվել է կամ ուղղորդվել այլ օդանավակայաններ։
Ականապատման սպառնալիքի մասին, մասնավորապես, հայտնել է Չեխիայի ոստիկանությունը։
«Այսօր կրկին սպառնալիք է ստացվել Պրահայի օդանավակայան ժամանող և այնտեղից մեկնող մի շարք ինքնաթիռներում ինքնաշեն պայթուցիկ սարքեր տեղադրելու վերաբերյալ», – հայտնել է Չեխիայի ոստիկանությունը սոցիալական ցանցում։
Ավելի ուշ ոստիկանությունից պարզաբանել են, որ ստուգումներն ավարտվել են, և դրանց արդյունքում որևէ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։
Պայթյունի սպառնալիքի պատճառով Հունգարիան այսօր երեք անգամ կործանիչներ է օդ բարձրացրել՝ երկրի օդային տարածքում քաղաքացիական ինքնաթիռներն ուղեկցելու համար։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է պաշտպանության նախարար Ռոմուլուշ Ռուսին-Սենդին։ Նրա խոսքով՝ առաջին նախազգուշացումը վերաբերել է «Վիզ Էյր» ավիաընկերության ինքնաթիռին, որը Բրյուսելից թռչում էր Սոֆիա։ Մյուս երկու ահազանգերը կապված էին Պրահայից Կիպրոս և Բուխարեստ մեկնող չվերթների հետ։
Բացի այդ, Ֆրանսիայի տարածքի վրայով թռչող ուղևորատար ինքնաթիռների ականապատման վերաբերյալ չորս հաղորդագրություն է ստացվել, հայտնել են Ֆրանսիայի վարչապետի աշխատակազմից։ Բոլոր ինքնաթիռները վայրէջք են կատարել առանց միջադեպերի։ Իշխանությունները հետաքննություն են սկսել՝ սպառնալիքների աղբյուրը պարզելու նպատակով, տեղեկացնում է ֆրանսիական հեռուստաալիքը։


