Երևանում միջադեպի պատճառով 15-ամյա 3 տղաներ ծայրահեղ ծանր վիճակում մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխել 3 անչափահաս տղաների։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։Մինչ բժիշկները պայքարում էին ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված երեխաների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են 15-ամյա Հրանտ Ա․-ն, 15-ամյա Արսեն Չ․-ն և 15-ամյա Արման Կ․-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ Հրանտ Ա․-ն հիվանդանոց է տեղափոխվել «աջ ազդրի կտրած-ծակած վերք, ձախ դաստակի կտրած վերքեր, անեմիա» ախտորոշմամբ, Արսեն Չ․-ն՝ «կրծքավանդակի ձախակողմյան հետին պատի կտրած-ծակած վերք, ձախ ծնկահոդի շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ, իսկ Արման Կ․-ն՝ «աջ գոտկատեղի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։Նշված անձինք վնասվածքները ստացել են Մալաթիայի շուկայի հարևանությամբ գտնվող Սեբաստիա 141 հասցեի հարակից տարածքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


