Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում փլուզում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է լրատվականը փլուզման հետևանքով 1 հոգու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներն ու քաղաքացիները, այդ թվում՝ փլուզված տան հարևանները, փլատակներից դուրս են բերել, և տեղում ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Այս պահին փրկարարները փորձում են փլատակներից դուրս բերել տատիկին։ Նրանք օգտագործում են հատուկ տեխնիկա։
Տեղում հերթապահություն են իրականացնում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։
Տարածքը սահմանազատել են պարեկները։
Թե ինչն է եղել տան մի մասի փլուզման պատճառը, պարզվում է, սակայն դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ փլուզումը գազի արտահոսքի հետ կապ չունի, անգամ գազի արտահոսք տեղի չի ունեցել։
Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին և այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի քննչական խումբը։
Համայնքային ոստիկանները պարզում են տան սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։


