ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոշտ է արձագանքել Երևանի հայտարարություններին՝ ԵԱՏՄ զեկույցի շուրջ ստեղծված իրավիճակը որակելով «շտապողական և ագրեսիվ»։Նրա խոսքով՝ Մոսկվայի հասցեին հնչող մեղադրանքների հետևում հայկական կողմից չկան կառուցողական առաջարկներ կամ հստակ պատասխաններ այն հարցին, թե որն է երկրի իրական ուղին։
«Ցավոք, Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում՝ կապված այն գլխավոր հարցի հետ, որը մտահոգում է ոչ միայն Հայաստանի, այլև ԵԱՏՄ մյուս երկրների բնակչությանն ու բիզնեսին. ի վերջո, ո՞ւր է ինտեգրվում Հայաստանը», – հայտարարել է Զախարովան։
Ռուսական կողմից ակնկալում են, որ Երևանն ավելի հավասարակշռված և պատասխանատու մոտեցում կցուցաբերի տնտեսական ինտեգրման այս հարցերում։


