Երեկ և այսօր մամուլում հրապարակումներ տարածվեցին այն մասին, թե Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրում քանի օր է լարված իրավիճակ է՝ պայմանավորված բնակավայրի թիվ 1 դպրոցի տանիքից ազգային հերոս Անդրանիկ Օզանյանի՝ սալիկներով հավաքված մեծադիր նկարը հեռացնելու հետ։Նշվում է, թե 2-3 օր գյուղացիները դպրոցի մոտ հերթապահություն են իրականացրել, որ եթե հանկարծ հերոսի նկարը փորձեն հեռացնել, թույլ չտան։ Հրապարակումների համաձայն՝ որքան էլ գյուղի բնակիչները փորձել են դիմադրել, այնուամենայնիվ նկարը դպրոցի տանիքից հեռացվել է դեռ երեկ՝ հոկտեմբերի 23-ին և իբրև այս պահին նկարի ճակատագիրն անհայտ է և արտենիցիները անգամ սպառնում են կտրուկ քայլերի դիմել՝ ընդհուպ մինչև ճանապարհներ փակելը։
Գյուղացիները նաև առաջարկում են, որ եթե դպրոցից հեռացրել են, գոնե այն տեղադրեն գյուղում՝ արցախյան պատերազմներում նահատակված հերոսների այգում։Իրականում լրատվամիջոցներում ներկայացվածը մասամբ ապատեղեկատվություն է այն մասով, թե նկարը հեռացնելու մեջ հատուկ դիտավորություն է եղել և թե գյուղացիները թուրութվանքով են ընդունել դպրոցի տանիքից նկարը հանելու որոշումը։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում հավաստիացրեց Արտենի բնակավայրի վարչական ղեկավար Մանուշակ Շատոյանը, որը մամուլում նման բան կարդալուց սրտնեղվել է։
Նա մեզ պատմեց, որ այդ նկարն անձամբ իր նախաձեռնությամբ է ժամանակին տեղադրվել դպրոցի տանիքին, սակայն միշտ մտահոգվել է, որ բետոնի վրա հավաքված սալիկներով պատրաստված նկարն այնքան էլ ամուր չի տեղադրված և ամեն թեթև ցնցումից, երկրաշարքից կարող է պոկվել և ընկնել վնասելով դպրոցականներին։ Ուստի այս օրերին որոշում է կայացվել նկարը պարզապես տեղափոխել գյուղում գտնվող հերոսների ու նահատակների պուրակ, որտեղ այս պահին 44-օրյա պատերազմում նահատակված տղաների հուշահամալիր է կառուցվում։
Տիկին Շատոյանի խոսքով՝ նկարն արդեն տեղադրվում է այդ հատվածում՝ ավելի ամբողջացնելով և հատուկ խորհուրդ հաղորդելով հուշահամալիրին։ «Գիտեք, ես ամբողջ կյանքս նվիրել եմ ազգային-ազատագրական պայքարին, ես էլ իմ տեսակով այդպիսին եմ՝ պայքարող, հայրենասեր, մեր հերոսների հիշատակը հարգող ու նրանց մեծարող։ Եվ երբ կարդացի մեղադրական հոդվածները, հուզվեցի, վհատվեցի ու տխրեցի»,- մեզ հետ զրույցում ասաց Մանուշակ Շատոյանը՝ հույս հայտնելով, որ ճշմարտությունն իմանալով այլևս մեղադրանքներ չեն հնչի, թե մեր գյուղում ազգային հերոսների դեմ պայքարում են և հեռացնում նրանց դիմանկարները կամ նրանց մասին հիշատակները։
Վարչական ղեկավարի տեղեկացմամբ՝ նույն պուրակում նաև Անդանիկ զորավարի հուշարձանն է տեղադրված՝ կարմիր տուֆով, նաև Ցեղասպանության զոհերի հիշատակինխաչքար է դրված։ Հայ ժողովրդի բոլոր պատմական ու ողբերգական դրվագները մեկտեղված են այդ պուրակում և առանձնահատուկ խորհուրդ են հաղորդում նաև բնակավայրին։
Անդրադառնալով մեր հարցադրմանը, թե նախապես նկարը պուրակ տեղափոխելու մասին որոշում լինելու դեպքում ինչո՞ւ են գյուղի բնակիչները զայրացել, երբ այն դպրոցի տանիքից հանվել է, տիկին Շատոյանն ասաց, որ նման բան չի եղել, բացարձակ ոչ մի դժգոհություն ու ընդվզում:
«Նկարը ապամոնտաժելուտ ժամանակ ինքս անձամբ այնտեղ եմ եղել, ոպեսզի հետևեմ նկարը հանելու և պուրակ տեղափոխելու աշխատանքներին։ Անհանգստանում էի, որ նկարը հանկարծ չվնասվի և տեղափոխման աշխատանքները զգուշորեն ու պատշաճ կատարվեն, սրտի տրոփյունով հետևել եմ, որ տանենք հասցնենք այգի, մեքենայի կողքով ողջ այդ ընթացքում քայլում էինք»,- MediaHub-ին պատմեց վարչական ղեկավարը՝ հույս հայտնելով, որ այս պատմությունը այլ լույսի ներքո կներկայացվի։
https://youtu.be/Spa-47PvLsw?si=QoGOzSHfZmL6a8j3


