Ռուսաստանից ուղերձ` Հայաստանին. հույս ունենք գիտակցում է բոլոր ռիսկերը
Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ է գիտակցում Եվրոպական միության հետ մերձեցման բոլոր ռիսկերը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն XIX Վերոնայի Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակներում։
«Մենք տեսնում ենք, թե ճնշման ինչպիսի մեթոդների են ենթարկում այն երկրներին, որոնք հայտարարում են ԵՄ-ին միանալու մասին կամ դառնում են անդամակցության թեկնածու. նրանցից պահանջում են հրաժարվել սուբյեկտայնությունից, և դեռևս մինչև ԵՄ-ին նրանց ձևական անդամակցումը՝ որպես պայման պարտադրում են միանալ ընդհանուր արտաքին քաղաքականությանը, անվտանգության ոլորտի քաղաքականությանը, միանալ բոլոր հայտարարություններին, որոնք նրանք [ԵՄ-ն] անում են», – նշել է Գրուշկոն։ – «Հայտարարությունների 80%-ը նրանք անում են Ռուսաստանի վերաբերյալ։ Ուստի ռիսկերը չտեսնելն ուղղակի անհնար է»։
«Այո, մենք հարգում ենք, ինչպես ասել է Ռուսաստանի նախագահ [Վլադիմիր Պուտինը], պետությունների ընտրությունը, բայց մենք ելնում ենք նրանից, որ պետությունների ղեկավարները ճիշտ են գիտակցում դրա հետ կապված բոլոր ռիսկերը։ Չխոսելով արդեն այն մասին, որ Հարավային Կովկասի շրջանը չի գտնվում անօդ տարածության մեջ», – շարունակել է բարձրաստիճան դիվանագետը։ – «Այնտեղ գոյություն ունեն պատմական երկկողմ կապեր, շատ պետություններ ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի անդամ են։ Գոյություն ունի հսկայական քանակությամբ նախագծեր, որոնք կապում են այդ պետությունները»։
Ռուսաստանը, նշել է փոխնախարարը, ելնում է նրանից, որ «որքան քիչ լինի այն երկրների ազդեցությունը, որոնք չեն վերաբերում տարածաշրջանին, այնքան իրավիճակը կլինի ավելի կայուն»։ Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրները նստելու են բանակցությունների սեղանի շուրջ և, «ինչպես արել են դարեր ի վեր, լուծելու են բոլոր ծագող հիմնախնդիրները»։


