ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է առայժմ չմտցնել մի շարք լայնամասշտաբ սահմանափակումներ և մաքսատուրքեր, որոնք նախատեսված են Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» մասին օրենքով, որն ամերիկացի առաջնորդն ստորագրել էր սեպտեմբերի վերջին։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։
Օրենքը պարտավորեցնում էր Թրամփին սահմանափակիչ միջոցներ մտցնել մինչև հոկտեմբերի 18-ը, սակայն թույլ էր տալիս նրան կասեցնել այդ գործընթացը, եթե դա բխում է ԱՄՆ ազգային շահերից։ «Սույնով հրաժարվում եմ (այժմ հանգուցյալ սենատոր Լինդսի – Խմբ․) Գրեմի օրենքով նախատեսված նման պատժամիջոցների, սահմանափակումների և պարտականությունների կիրառումից։ Ես Կոնգրեսին ներկայացրել եմ հաստատում առ այն, որ նման բացառության տրամադրումն այս պահին բխում է Միացյալ Նահանգների ազգային շահերից», – նշված է փաստաթղթում։
Մասնավորապես, իր հրամանագրով Թրամփը դադարեցրել է ռուսական ապրանքների նկատմամբ 500% լրացուցիչ մաքսատուրքերի և ՌԴ-ից նավթի ու գազի հիմնական գնորդների լավագույն հնգյակում ընդգրկված, ինչպես նաև պատժամիջոցների շրջանցման հարցում Մոսկվային առավել ակտիվորեն աջակցող երկրների արտադրանքի նկատմամբ 100% մաքսատուրքերի սահմանումը։ Հրամանագիրը գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ «նախագահը և պետքարտուղարը, խորհրդակցելով ֆինանսների նախարարի և առևտրային ներկայացուցչի հետ, չեն հանգել եզրակացության, որ պատժամիջոցները պետք է կիրառվեն»։ Բացի այդ, փաստաթղթի գործողությունը չի տարածվում այն սահմանափակումների վրա, որոնք Ռուսաստանի նկատմամբ սահմանվել էին մինչև Գրեմի օրենքի ընդունումը։


