Ազգությամբ հայ օտարերկրացիների համար կացության նոր կարգ է սահմանվում
2026 թ.-ի նոյեմբերի 1-ից ազգությամբ հայ օտարերկրացիներին 10 տարով տրվող հատուկ կացության կարգավիճակն օրենքից հանվում է։ Մինչև նոյեմբերի 1-ը ներկայացված դիմումները կքննարկվեն մինչ այդ գործող կարգով, իսկ արդեն տրված կարգավիճակը կգործի մինչև դրա ժամկետի ավարտը։ Նոյեմբերի 1-ից ազգությամբ հայը կարող է դիմել մշտական կացության կարգավիճակ ստանալու համար, որը տրվում է 5 տարով։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, փոփոխությունները սահմանված են «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2026 թ.-ի հունվարի 20-ի ՀՕ-11-Ն օրենքով, որն ուժի մեջ է մտնում 2026 թ.-ի նոյեմբերի 1-ից։ Այդ օրենքի 11-րդ հոդվածով ուժը կորցրած է ճանաչվում «Օտարերկրացիների մասին» օրենքի 18-րդ հոդվածը, որը սահմանում է հատուկ կացության կարգավիճակ տալու հիմքերն ու ժամկետները։
Ի՞նչ է փոխվում
Գործող կարգով հատուկ կացության կարգավիճակը տրվում է ազգությամբ հայ օտարերկրացիներին, ինչպես նաև Հայաստանում տնտեսական կամ մշակութային գործունեություն ծավալող այլ օտարերկրացիներին՝ 10 տարով, և որոշումը կայացնում է վարչապետը։
Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակները կլինեն երկու տեսակի՝ ժամանակավոր և մշտական։ «Օտարերկրացիների մասին» օրենքի 16-րդ հոդվածի նոր խմբագրությամբ ազգությամբ հայ լինելը մշտական կացության կարգավիճակ ստանալու առանձին հիմք է, իսկ մշտական կարգավիճակը տրվում է 5 տարով։
Իսկ եթե արդեն դիմել եք կամ ունեք հատուկ կարգավիճակ
ՀՕ-11-Ն օրենքի 30-րդ հոդվածի համաձայն՝
- մինչև նոյեմբերի 1-ը ներկայացված դիմումները քննարկվում են մինչ այդ գործող իրավական նորմերով.
- հատուկ կարգավիճակ ունեցողները մինչև դրա ժամկետի ավարտը շարունակում են օգտվել դրանից բխող իրավունքներից։
Ինչպե՞ս դիմել նոյեմբերի 1-ից
Ազգությամբ հայ լինելու հիմքով դիմումը ներկայացնում է օտարերկրացին անձամբ։ Նախապես նա գրանցվում է էլեկտրոնային միասնական հարթակում, ներկայացնում փաստաթղթերը և հերթագրվում, եթե Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հաստատում է, որ դրանք ամբողջական են (օրենքի 29.5-րդ հոդված)։
Կառավարության որոշման նախագծով, որը դրված էր հանրային քննարկման մինչև հոկտեմբերի 16-ը, նախատեսվում է, որ՝
- պետք է ներկայացնել ծննդյան վկայականը և ազգությամբ հայ ծնողի հետ ազգակցական կապը հիմնավորող փաստաթղթերը, իսկ եթե վկայականում ազգության նշում չկա՝ նաև այն հավաստող այլ փաստաթուղթ (օրինակ՝ մկրտության վկայական).
- այցի օրը կարող է լինել պետական տուրքը վճարելուց ոչ շուտ, քան 10 օր անց, և պետք է ներկայանալ բնօրինակներով.
- որոշումը կայացվում է դիմումը մուտքագրվելուց 30 օրվա ընթացքում։
- https://youtu.be/b2__vRvhSn4?si=z8YdXHZEw7HoAqg8


