Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն անբարոյական է համարում երկրի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի մասնակցությունը Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվա տոնակատարությանը, «որի հրամանները ամեն օր անթիվ տառապանք են պատճառում, հանգեցնում են մարդկանց մահվան ու վիրավորումների Ուկրաինայում»։ Դրա մասին հայտարարել է ԳԴՀ կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Մայերը, հաղորդում է DW-ն։
Գերմանիայի ԱԳՆ-ն և ՆԳՆ-ն հայտնել են, որ նախապես տեղեկացված չեն եղել այս ուղևորության մասին, իսկ տեղում Գերմանիայի դեսպանատունը նրան որևէ աջակցություն չի ցուցաբերել։
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունում, որի անդամ է Շրյոդերը, հայտարարել են, որ նա Ռուսաստանում գտնվել է որպես մասնավոր անձ։ «Մենք Գերմանիայում չպետք է ամեն անգամ «սատանայի վտարում» կազմակերպենք, երբ նախկին կանցլերը մեկնում է Մոսկվա»,- t-online պորտալին ասել է ԳՍԴԿ-ի արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ և բունդեսթագի պատգամավոր Ռալֆ Շտեգները։ Շտեգների կարծիքով, եթե այս այցն օգնի մոտենալ Ուկրաինայում հրադադարին, ապա դրանում դատապարտելի ոչինչ չկա։


