Կասկածելի միգրանտներ Սյունիքում. ո՞վ կարող է ոտքով մտնել Հայաստան․ «Հրապարակ».
Հրապարակ»-ը գրում է․
«Սյունիքի մարզկենտրոն Կապանը վերջին շրջանում սկսել է փոխել իր ժողովրդագրական պատկերը: Քաղաքի փողոցներում, առեւտրի կետերում եւ աշխատավայրերում հաճախ կարելի է հանդիպել օտարերկրացիների, Միջին Ասիայից, Հեռավոր Արեւելքից ներգաղթած քաղաքացիների:
Իհարկե, միգրանտների ներհոսքն օբյեկտիվ պատճառներ ունի: Այստեղ է Կապանի լեռնահարստացման կոմբինատը, Սյունիքում ընթանում են լայնածավալ շինարարական եւ ենթակառուցվածքային ծրագրեր, ռազմավարական նշանակության խոշոր օբյեկտների՝ Հյուսիս-Հարավ մայրուղու նոր հատվածների, կամուրջների, Քաջարան-Ագարակ ճանապարհի եւ Քաջարանի 7.2 կիլոմետրանոց մեգաթունելի շինարարական աշխատանքներն են ընթանում, որտեղ տեղական աշխատուժի փոխարեն մասսայականորեն ներգրավվում են հարյուրավոր օտարերկրացիներ՝ Միջին Ասիայից ժամանած թուրքմեններ ու ուզբեկներ, հնդիկներ եւ իրանցիներ։ Նպաստում է նաեւ այն, որ ուզբեկների, թուրքմենների համար ավանդական ուղղություն համարվող Թուրքիան վերջին տարիներին խստացրել է վիզային ռեժիմն ու կեցության կանոնները: Սա ստիպել է տնտեսական միգրանտներին փնտրել նոր շուկաներ: Հայաստանը, որն ապահովում է համեմատաբար հեշտ ձեւակերպվող աշխատանքի թույլտվություններ եւ կայուն վարձատրություն, դարձել է հարմար այլընտրանք:
Բայց Սյունիքում՝ հատկապես Կապանում ու Քաջարանում, այս միգրացիոն շարժը տագնապ է առաջացնում: Ահազանգում են, որ Կապանի փողոցներում, խանութներում ու շինհրապարակներում վերջին շրջանում աչքի են զարնում թուրքմենները։ Ոչ թե զբոսաշրջիկներ, այլ՝ խմբերով տղամարդիկ, որոնք կազմակերպված ձեւով են գալիս այստեղ:
«Առաջինները, որոնք որ եկել են, մինչ Հայաստան գալը աշխատել են Ադրբեջանում: Հիմա հազարից անցնում է նրանց թիվը: Հնդիկ, պարսիկ էլ կան, բայց չնչին տոկոսն են կազմում»,- գրում է Կապանի բնակիչ Գոռ Ստեփանյանը: Ըստ նրա՝ վերջին երկու տարիներին Կապան, Քաջարան շատ միգրանտներ են եկել, ու թուրքմենները նրանց թվում գերակշռում են: Նույնիսկ թիվ է նշում՝ մոտ 1500 մարդ: Թուրքմենները ե՛ւ արտաքինով են տարբերվում, ե՛ւ լեզվով, ե՛ւ «այն մարդկանցով, ովքեր նրանց բերում են»:
«Նրանց անձնագրերում կան Ադրբեջանի մուտքի եւ ելքի կնիքներ։ Քանի՞սն է անցել Ադրբեջանի հատուկ ծառայություններով, աստված գիտի։ Օր-օրի քաղաքները լցվում են թուրքմեն միգրանտներով։ Այսօր արդեն նրանք բերում են նաեւ իրենց կանանց եւ երեխաներին: Կապանի եւ Քաջարանի խոշորագույն շինարարական հիմնարկներում աշխատողների զգալի մասը թուրքմեններ են, որոնք արդեն Կապանում եւ Քաջարանում իրենց լավ են զգում… Օրվա ցերեկային ժամերին Կապանի բանուկ մասերը, ինչպես վերջերս ասաց ծանոթներիցս մեկը, 80-ականների Բաքուն են հիշեցնում: Վստահ եմ՝ սա Սյունիքի թրքացման ծրագրի մաս է»,- իր ՖԲ էջի միջոցով զգուշացնում է Գոռ Ստեփանյանը, իսկ մեզ ասում է, որ քաղաքում իրեն գործ չեն տալիս, քանի որ նա, որպես ընդդիմադիր տրամադրություններ ունեցող կապանցի, տեղի իշխանության «սեւ ցուցակում» է հայտնվել: Կապանում, Քաջարանում թափուր աշխատատեղեր կան, թուրքմեններն էլ գալիս են ու ոչ միայն թուրքմենները, չի՞ կարող դա ինքնաբուխ լինել՝ հարցնում ենք նրան: «Իսկ ինչո՞ւ, ասենք, Շիրակից չեն գալիս, Գեղարքունիքից, որտեղ աշխատանք չկա»,- հակադարձում է Գոռ Ստեփանյանը:
Փորձում ենք այլ կապանցիների հետ զրուցել։ «Այստեղ լիքն են թուրքմենները, ուզբեկները, տաջիկները, սեւամորթները: Թուրքմեններն ու տաջիկները նման են իրար»,- ասում է Կապանի բնակիչներից մեկը: Մյուսն էլ հավելում է. «Էդ թեման վաղուց կա: Ասում են՝ իբր դրանք Իրանի ազերիներից են, ոչ թե թուրքմեն, բայց որքանով է ճիշտ, որքանով՝ սուտ, չգիտենք»:
Ովքե՞ր են իրականում այդ մարդիկ, ո՞վ է ստուգել նրանց անցյալը, եւ արդյո՞ք սա ընդամենը աշխատուժի շարժ է։ Մենք փորձեցինք տեղեկություններ ստանալ ՆԳ նախարարությունից, մասնավորապես, թե ինչպիսի ներհոսք ունենք Թուրքմենիայից: Մեզ հորդորեցին դիմել գրավոր:
Սյունիքն անվտանգային առումով Հայաստանի ամենախոցելի մարզն է: Դրա սահմաններին կանգնած է թշնամին, ներսում օրեցօր ավելանում է թուրքական արմատներով, ադրբեջանական անցյալով կամ անհայտ կենսագրությամբ հազարավոր տղամարդկանց ներկայությունը, եւ չկա երաշխիք, որ աշխատանքային միգրանտի անվան տակ Կապանի ու Քաջարանի ռազմավարական օբյեկտներում, որտեղով վաղը պիտի անցնի մեր բանակի ու զենքի մատակարարումը, չեն հայտնվի Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված գործակալներ։
Շաքիի միջադեպը՝ ադրբեջանցի Նասիմովի ներխուժումն ու ԱԱԾ փոխտնօրեն Դավիթ Սանամյանի անակնկալ հեռացումը ջրի երես հանեցին անվտանգության համակարգի ճգնաժամը։ Թշնամու զինվորը կարողանում է անարգել անցնել սահմանը, հասնել խոր թիկունք: Հետեւապես՝ սահմանը բաց է, անվերահսկելի, եւ ով ցանկանա, ոտքով, ավտոմեքենայով կամ օդային ճանապարհով կարող է ազատ մուտք գործել երկիր: Հասկանալի է, որ մեկ պաշտոնյայի պաշտոնանկությունը մեզ չի փրկի, եւ արդյո՞ք միայն Սյունիքում է այս իրավիճակը:
Կապվեցինք Գեղարքունիքի սահմանապահ վարչական շրջանների ղեկավարների հետ: Կութն այն գյուղն է, որտեղ ադրբեջանական դիրքերը բառացիորեն կախված են բնակիչների տների ու դպրոցի գլխին, եւ անգամ անասուն արածեցնելն անվտանգ չէ: Մարդը կարո՞ղ է քայլելով գալ, սահմանն անցնել, մտնել ձեր գյուղ՝ հարցնում ենք Կութի վարչական ղեկավար Գրիգորի Ավագյանին: «Ոչինչ չի բացառվում, բայց ես չեմ ասում, որ նման բան կլինի: Նախ՝ մենք ունենք դիրքապահներ, որոնք կանգնած են իրենց տեղում: Բացի դա, ունենք գյուղացիներ, որոնք կտեսնեն, հովիվներ ունենք, որոնք կտեսնեն, նման բան էս 5 տարվա մեջ չի արձանագրվել»: Անգեղակոթի գյուղապետն ասում էր՝ շուն պահեք, որ անվտանգ լինեք, Դուք ի՞նչ խորհուրդ կտաք ձեր բնակիչներին՝ ավելի պաշտպանված լինելու համար: «Դա թողեք մնա մեր բնակավայրի ներսում»,- եղավ պատասխանը:
Նորաբակի վարչական ղեկավարն էլ՝ Վազգեն Ասատուրյանը, չբացառեց, որ թշնամու զինվորը կարող է գալ Հայաստան: «Բայց էս կողմը եկող չկա»,- ասաց նա: Իսկ տեսականորեն հնարավո՞ր է: «Մինչեւ հիմա չի եղել, մեզ մոտ ոչ ոք չի երեւացել: Բայց որ մտքիս դնեմ, ես կարամ գնամ Ադրբեջան: Բայց մտնել հնարավոր չէ, ստեղ վերեւը կամերաներ են, ամեն տեղից նայում են, մուկն էլ որ մտնի, կերեւա»»:


