ՌԴ ՊՆ-ն հայտնում է
Ռուսական զինուժը գիշերը հարվածել է Կիևում Դնեպր գետի վրայով անցնող ավտոմոբիլային-երկաթուղային կամրջին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
ՌԴ ՊՆ-ի պնդմամբ՝ կամուրջն օգտագործվել է ուկրաինական զորքերի տեղափոխման և Ուկրաինայի զինված ուժերի համար ռազմական բեռների լոգիստիկ մատակարարումների նպատակով։
Գերատեսչությունը հայտնել է նաև Կիևի մարզում «Կիևսկայա» էլեկտրական ենթակայանին հասցված հարվածի մասին։ Ռուսական կողմի պնդմամբ՝ այն էլեկտրաէներգիա էր մատակարարում Կիևի և Կիևի մարզի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին։
ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ հարված է հասցվել նաև Օդեսայի մարզի Իզմայիլի նավահանգստում գտնվող արտադրական-արդյունաբերական համալիրին, որն օգտագործվել է ռազմական բեռների և վառելիքի ընդունման, պահպանման ու տեղափոխման համար։
Բացի այդ, ռուսական կողմը հայտնել է Սև ծովում բեռնատար նավի խոցման մասին։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ նավը Օդեսայի նավահանգիստ էր տեղափոխում ռազմական նշանակության գույք և երկակի նշանակության բեռներ Ուկրաինայի զինված ուժերի համար։
Ուկրաինական կողմի տվյալները նշված օբյեկտների նշանակության և հարվածների հետևանքների վերաբերյալ այս հաղորդագրության մեջ ներկայացված չեն։


