Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
Հայտնի խորհրդային և ռուս հոգեթերապևտ, Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր Անատոլի Կաշպիրովսկին մահացել է 87 տարեկանում։ Նրա մահվան մասին շաբաթ օրը՝ հոկտեմբերի 3-ին, հայտնել է հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը։ Կաշպիրովսկին հայտնի էր դարձել որպես «էքստրասենս»՝ վերակառուցման շրջանում իր հեռուստասեանսների շնորհիվ։ Նա պնդում էր, որ կարող է հեռուստահաղորդումները դիտող մարդկանց հեռավար բուժել՝ նրանց առողջության, հարստության և բարեկեցության վերաբերյալ «հաստատումներ» փոխանցելով։ 2024 թվականին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում (ՌԳԱ) Կաշպիրովսկու մեթոդները որակել էին որպես «բացարձակ կեղծ գիտություն»։ Անատոլի Կաշպիրովսկին ծնվել է 1939 թվականին Ուկրաինական ԽՍՀ-ի Ստավնիցա գյուղում։ Վիննիցայի բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո շուրջ 25 տարի աշխատել է տեղի հոգեբուժարանում։ 1993 թվականին նա Ռուսաստանի Պետդումայի առաջին գումարման պատգամավոր է ընտրվել Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից (ԼԴԿՌ)։ 1995 թվականի հունիսին Կաշպիրովսկին մասնակցել է Բուդյոննովսկի հիվանդանոցում պատանդներ պահող ահաբեկիչների հետ բանակցություններին։ Նույն թվականին նա դուրս է եկել կուսակցությունից և վայր դրել պատգամավորական լիազորությունները։


