Գույքահարկ, աղբահանության և համատիրության վճարներ․ քանի՞ տարվա պարտք կարող են գանձել ձեզանից
Երեք ամենատարածված պարտքի համար օրենսդրությունը սահմանում է բոլորովին տարբեր ժամկետներ։ Աղբահանության և համատիրության վճարների դեպքում գործում է քաղաքացիաիրավական երեք տարվա հայցային վաղեմությունը, իսկ գույքահարկի դեպքում՝ Հարկային օրենսգրքի կանոնները, որոնցով խախտումը կարող է հայտնաբերվել մինչև տասներորդ հարկային տարին։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը կարգավորումները սահմանված են Հարկային օրենսգրքով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՕ-237-Ն օրենքով, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՕ-334 օրենքով և Քաղաքացիական օրենսգրքով։
Ինչո՞ւ են ժամկետները տարբեր
Պատճառը պարտավորության բնույթն է։ Աղբահանության և համատիրության վճարները քաղաքացիաիրավական պարտավորություններ են, և դրանց նկատմամբ կիրառվում է Քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի հայցային վաղեմության ընդհանուր՝ երեք տարվա ժամկետը։
Գույքահարկը, որի պաշտոնական անվանումն է անշարժ գույքի հարկ, հարկային պարտավորություն է, և դրա նկատմամբ գործում են Հարկային օրենսգրքի առանձին կանոնները, որոնք շատ ավելի երկար են։
Գույքահարկ. մինչև տասներորդ հարկային տարին
Վճարման վերջնաժամկետը ֆիզիկական անձանց համար մինչև դեկտեմբերի 1-ն է ներառյալ, կազմակերպությունների համար՝ կիսամյակային՝ մինչև հունիսի 1-ը և դեկտեմբերի 1-ը։
Ուշացման դեպքում 401-րդ հոդվածով յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար հաշվարկվում է տույժ՝ չմուծված գումարի 0,075 տոկոսի չափով, առավելագույնը՝ 730 օրվա համար։
Ամենակարևորը՝ 44-րդ հոդվածի 2-րդ մասով անշարժ գույքի հարկին և փոխադրամիջոցների գույքահարկին վերաբերող բաժինների պահանջների խախտումների դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե խախտումը հայտնաբերվել է այն կատարելու հարկային տարվան հաջորդող տասներորդ հարկային տարին լրանալուց հետո։ Համեմատության համար՝ մյուս հարկերի մասով նույն հոդվածով գործում է երրորդ հարկային տարվա ժամկետը։
Ե՞րբ է գույքահարկի պարտքը դադարում
Օրենսգրքի 45-րդ հոդվածով հարկային պարտավորությունը դադարում է, երբ ֆիզիկական անձի՝ երկու միլիոն դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների կատարման վերջնաժամկետից անցել է հինգ տարի։ Կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար նույն շեմի դեպքում ժամկետը յոթ տարի է։
Պարտավորությունը դադարում է նաև այն դեպքում, երբ մահացած անձը ժառանգ չունի, կամ ժառանգը հրաժարվել է ժառանգությունից, և մահվանից անցել է հինգ տարի։
Աղբահանության վճար. երեք տարի
Վճարման ժամկետը՝ մինչև հաջորդ ամսվա 15-ը ներառյալ, օրենքի 18-րդ հոդված։ Տույժը՝ նույնպես օրական 0,075 տոկոս, առավելագույնը 730 օրվա համար, 21-րդ հոդված։
Բռնագանձման ժամկետը օրենքով սահմանված չէ, ուստի կիրառվում է Քաղաքացիական օրենսգրքի երեք տարվա ընդհանուր ժամկետը, որը հաշվվում է ամեն ամսվա վճարման ժամկետից առանձին։
Համատիրության վճար. երեք տարի
Այստեղ և՛ չափը, և՛ ժամկետը սահմանում է սեփականատերերի ժողովը՝ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 11-րդ հոդվածով, իսկ վճարի չափը որոշվում է ըստ շենքում սեփականատիրոջ բաժնի։
Օրենքը տույժի դրույքաչափ չի սահմանում։ Փոխարենը 10-րդ հոդվածի 5-րդ մասով վճարումը երկու անգամ ուշացնելու դեպքում կառավարման մարմինն իրավունք ունի դիմել դատարան՝ նախապես գրավոր նախազգուշացնելով։
Բռնագանձման ժամկետը՝ նույն երեք տարին։
Երեք դեպքում էլ պարտքն անցնում է նոր սեփականատիրոջը
Աղբահանության մասով դա սահմանված է օրենքի 15-րդ հոդվածով, համատիրության մասով՝ 28-րդ հոդվածով, ընդ որում, 27-րդ հոդվածով վաճառողը պարտավոր է գնորդին գրավոր տեղեկացնել իր չկատարված պարտավորությունների մասին։
Գույքահարկի դեպքում կանոնն ավելի խիստ է. 236-րդ հոդվածով անշարժ գույքն օտարելուց առաջ սեփականատերը պարտավոր է ամբողջությամբ մարել հարկային պարտավորությունները, իսկ Կադաստրի կոմիտեն գրանցումն իրականացնում է պարտավորություններ չունենալու մասին տեղեկանքի հիման վրա։ Այսինքն՝ գույքահարկի պարտքով բնակարան վաճառել հնարավոր չէ։
Ի՞նչ է լինում սեփականատիրոջ մահվան դեպքում
Գույքահարկի մասով օրենսգրքի 51-րդ հոդվածով պարտավորությունը կատարում է ժառանգը՝ ժառանգված գույքի շուկայական արժեքին համամասնորեն, իսկ վճարման ժամկետը մինչև ժառանգությունն ընդունելու ամսվան հաջորդող երրորդ ամսվա 20-ն է։
Աղբահանության և համատիրության պարտքերի մասով գործում է ընդհանուր կանոնը. պարտքերը մտնում են ժառանգության զանգվածի մեջ, և ժառանգները պատասխանատու են իրենց անցած գույքի արժեքի սահմաններում։
Ի՞նչ անել, եթե դատարան են դիմել
Աղբահանության և համատիրության պարտքերի դեպքում պետք է հիշել Քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածը. դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով։ Եթե չհայտնեք, որ պարտքի մի մասը վաղեմության ժամկետից դուրս է, դատարանն ինքն այդ հարցը չի բարձրացնի։
Երկրորդ կարևոր կանոնը 340-րդ հոդվածինն է. վաղեմության ընթացքն ընդհատվում է պարտքի ճանաչումը վկայող գործողություններով, և ընդհատումից հետո ժամկետը սկսվում է նորից։ Ուստի վճարելիս արժե հետևել, որ անդորրագրում նշվի կոնկրետ ժամանակահատվածը։
Ամփոփելով՝ աղբահանության և համատիրության պարտքերի նկատմամբ գործում է հայցային վաղեմության երեք տարվա ժամկետը, որը դատարանը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, գույքահարկի մասով Հարկային օրենսգրքի 44-րդ հոդվածով խախտումը կարող է հայտնաբերվել մինչև տասներորդ հարկային տարին, իսկ 45-րդ հոդվածով ֆիզիկական անձի մինչև երկու միլիոն դրամի հարկային պարտավորությունը դադարում է վերջնաժամկետից հինգ տարի հետո, տույժը գույքահարկի և աղբահանության դեպքում նույնն է՝ օրական 0,075 տոկոս և առավելագույնը 730 օր, համատիրության դեպքում օրենքը տույժ չի սահմանում, իսկ երեք դեպքում էլ պարտքն անցնում է նոր սեփականատիրոջը, ընդ որում, գույքահարկի պարտքով գույքն ընդհանրապես չի գրանցվի նոր սեփականատիրոջ անվամբ, – տեղեկացնում Է կայքը։


