Մահապատժից մեկ ժամ առաջ անսպասելի որոշում․ ինչ է բացահայտվել
ԱՄՆ Դաշնային վերաքննիչ դատարանը կասեցրեց Թենեսիում Քրիստա Փայքի մահապատիժը՝ նախատեսված իրականացումից մոտ մեկ ժամ առաջ։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Դատավորները հայտնել են, որ ցանկանում են վերանայել, թե արդյոք մահապատժի դատապարտվելուց առաջ պատշաճ կերպով քննության են առնվել մանկության տարիներին սեռական բռնության և բռնաբարության ենթարկվելու վերաբերյալ նրա պնդումները։
Այժմ 50-ամյա Փայքը մեղավոր է ճանաչվել 1995 թվականին՝ 18 տարեկան հասակում կատարած սպանության համար։ Սա կլիներ նահանգում կնոջ նկատմամբ իրականացվող առաջին մահապատիժը վերջին առնվազն 200 տարվա ընթացքում։
Առայժմ պարզ չէ՝ արդյոք Թենեսիի գլխավոր դատախազը բողոքարկելու է որոշումը, և թե որքան ժամանակով կարող է հետաձգվել մահապատիժը։
Մահապատժի ականատեսներն արդեն հավաքվել էին Նեշվիլի «Ռիվերբենդ» (Riverbend) խիստ ռեժիմի հաստատությունում, երբ առավոտյան ժամը 9-ի սահմաններում ստացվեց կասեցման մասին կարգադրությունը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ի նահանգներից մեկում 200 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատժի կենթարկեն կնոջ։


