Iravaban.net-ը ուսումնասիրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ հոդվածը, որը սահմանում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը։ Օրենքով նախատեսված են ինչպես առողջական վիճակի, այնպես էլ նախկինում այլ երկրում զինվորական կամ այլընտրանքային ծառայություն անցնելու, ընտանիքի անդամի զոհվելու և մի շարք այլ դեպքեր։
Ո՞վ է առողջական վիճակի պատճառով ազատվում ծառայությունից
Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, որը առողջական վիճակի պատճառով ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար։Նույն հիմքը գործում է նաև պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության դեպքում։
Եթե քաղաքացին արդեն ծառայել է այլ երկրում
Պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմք է նաև այն հանգամանքը, որ քաղաքացին մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը՝
- առնվազն 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում, կամ
- առնվազն 18 ամիս անցել է այլընտրանքային ծառայություն այլ պետությունում։
Միաժամանակ օրենքը հատուկ սահմանում է, որ այլ պետության քաղաքացիություն ընդունած Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից՝ անկախ այլ պետությունում ծառայելու հանգամանքից։
Ընտանիքի անդամի զոհվելու դեպքում
Օրենքը պարտադիր զինվորական ծառայությունից ազատում է նաև այն քաղաքացուն, որն ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ մահացած ծնող, եղբայր կամ քույր։
Ազատման հիմք կարող է լինել նաև այն դեպքը, երբ քաղաքացին ընտանիքի միակ արու զավակն է և ունի զինվորական ծառայության ընթացքում զոհված կամ մահացած ծնող, եղբայր կամ քույր՝ օրենքով նախատեսված պայմաններով։
Ինչպես նաև՝ ունի
- Հայաստանի Հանրապետության զինված ուժերում,
- կամ այլ զորքերում,
- կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր:
Կարո՞ղ է քաղաքացին հրաժարվել ազատման իրավունքից
Այո։ Օրենքով նախատեսված է, որ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունք ունեցող քաղաքացին կարող է իր դիմումի համաձայն հրաժարվել այդ իրավունքից և օրենքով սահմանված կարգով զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության։
Ի՞նչ է նախատեսվում նրանց համար, ովքեր տարկետում են ստացել ուսման համար
2026 թվականի մարտի 4-ի ՀՕ-70-Ն օրենքով հոդվածում ավելացվել է նաև 5.1-ին մասը։
Դրա համաձայն՝ կառավարության որոշմամբ և սահմանված կարգով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից կարող է ազատվել այն քաղաքացին, որը նախկինում կառավարության որոշմամբ ծառայությունից տարկետում է ստացել՝ օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասի հիմքով, և ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի աշխատել է Հայաստանում՝ կառավարության սահմանած ոլորտում։
Սույն օրենսգրքի 22-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com կայքի
- Համալսարանների ակադեմիական ընդհանուր ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված),
- կամ մագիստրատուրայի,
- կամ ասպիրանտուրայի կրթական ծրագրերով
առկա ուսուցմամբ սովորելու համար, ինչպես նաև ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ոլորտում Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար: Տարկետում տրամադրելու պայմանները և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Այսինքն՝ տվյալ դեպքում ազատումը կապված է ոչ միայն ուսման համար նախկինում ստացած տարկետման, այլև ուսումն ավարտելուց հետո սահմանված ոլորտում առնվազն երեք տարի աշխատելու պայմանը կատարելու հետ։
Կա՞ն այլ դեպքեր
Օրենքը նախատեսում է նաև այլ հիմքեր, որոնք սահմանված են նույն օրենքի 23-րդ և 24-րդ հոդվածներով։
Սույն օրենսգրքի 23-րդ հոդվածի 6-րդ կետի կետի համաձայն՝
Առողջական վիճակի պատճառով բուժման կարիք ունեցող՝ պահեստազորի սպայական կազմում հաշվառված քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է հինգ անգամ` մեկ տարի ժամանակով: Հինգերորդ անգամ տրված տարկետման ժամկետը լրանալուց հետո քաղաքացին բժշկական փորձաքննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար, կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից:
Սույն օրենսգրքի 23-րդ հոդվածի 7-րդ կետի կետի համաձայն՝
Առողջական վիճակի պատճառով պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված՝ պահեստազորի սպայական կազմում հաշվառված քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է երկու անգամ` երեք տարի ժամանակով: Երկրորդ անգամ տրված տարկետման ժամկետը լրանալուց հետո քաղաքացին բժշկական փորձաքննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար, կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից:
Ինչպես նաև օրենսգրքի 23-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի համաձայն՝
Պարտադիր զինվորական ծառայությունից ազատված՝ պահեստազորի սպայական կազմում հաշվառված քաղաքացին մինչև 35 տարին լրանալը ենթակա է բժշկական վերափորձաքննության` հինգ տարին մեկ անգամ: Բժշկական վերափորձաքննության արդյունքներով պիտանի զինվորական ծառայության համար կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար ճանաչված՝ պահեստազորի սպայական կազմում հաշվառված քաղաքացին ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի` ընդհանուր հիմունքներով:
Բացի այդ, բացառիկ դեպքերում քաղաքացին կարող է պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել նաև օրենքով ուղղակիորեն չնախատեսված այլ հիմքով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ և սահմանված կարգով։
Այս դեպքում քաղաքացու դիմումը որոշակի՝ կառավարության սահմանած դեպքերում կարող է մերժվել լիազորած պետական մարմնի կողմից։
Իսկ պահեստազորի սպաների դեպքում
Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմնական հիմքերն են՝
- առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելը,
- մինչև պահեստազորի սպայական կազմ որակավորվելը պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելը։
Օրենքը նրանց համար ևս նախատեսում է ազատման այլ դեպքեր՝ 23-րդ և 24-րդ հոդվածներին համապատասխան։
Այսպիսով, պարտադիր զինվորական ծառայությունից ազատումը հնարավոր է միայն օրենքով կամ կառավարության սահմանած կարգով նախատեսված հիմքերի առկայության դեպքում։ 2026 թվականի փոփոխությամբ առանձնահատուկ կարգավորում է նախատեսվել նաև այն քաղաքացիների համար, որոնք ուսման նպատակով տարկետում են ստացել և ուսումն ավարտելուց հետո սահմանված ոլորտում կատարել են առնվազն երեք տարի աշխատելու պայմանը, – տեղեկացնում է Iravaban.net-ը։


