Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 16:45-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում։ Բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» բեռնատարը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը տեղում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության պարեկային և համայնքային ոստիկանության ծառայողները, փրկարարները, ինչպես նաև Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչները։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչները պարզում են վթարի հանգամանքները, ինչպես նաև ավտոմեքենաների սեփականատերերի և մահացած վարորդի ինքնությունը։
Քննիչի հանձնարարությամբ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։


