ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է հանդիպումները գործատուների հետ՝ քննարկելու առողջության ապահովագրության համակարգի ընդլայնումը։
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ քննարկումների հիմնական թեման մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության ապահովագրության համակարգում ներառելու հարցն է։
Նախարարի խոսքով՝ ապահովագրավճարի վճարման համար ընտրվել է այնպիսի տարբերակ, որի դեպքում ֆինանսական բեռը կբաշխվի պետության և գործատուի միջև, իսկ քաղաքացու մասնակցությունը հնարավորինս փոքր կլինի։
«Ապահովագրավճարի համար ընտրել ենք պարտականության հավասարակշռված մոտեցումը, երբ հավասարապես մասնակցություն կունենան պետությունն ու գործատուն` քաղաքացու վրա թողնելով ֆինանսական առավել նվազ բեռ»,- նշել է Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ այս մեխանիզմը հնարավորություն կտա ապահովել համակարգին աստիճանական և սահուն անցում։ Նախարարը նշել է նաև, որ այսօր աշխատողի առողջական լուրջ խնդիրների դեպքում բուժման ծախսերի բեռը հաճախ ստիպված է լինում կրել հենց գործատուն։
Ավանեսյանը կարևորել է առողջության ապահովագրության բարեփոխման առաջին փուլի վերաբերյալ ստացված դրական արձագանքները՝ նշելով, որ դրանք հիմք են դարձել համակարգում քաղաքացիների ավելի լայն շրջանակ ընդգրկելու համար։


