Զանգվածային թունավորման հետեւանքով հոսպիտալացվել է 100 երեխա. որն է պատճառը
MediaTime.am-ը գրում է.
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի մի շարք մանկապարտեզներում արձանագրված հնարավոր զանգվածային թունավորման հետևանքով հոսպիտալացման կարիք է ունեցել ավելի քան 100 երեխա։ Այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Միխայիլ Սարջվելաձեն՝ ընդգծելով, որ երեխաներից որևէ մեկի մոտ բարդություններ կամ առողջական վիճակի վատթարացման վտանգ չի արձանագրվել։
«Վրաստանի առաջին ալիք» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ նախարարի խոսքով՝ այս փուլում անհրաժեշտ է սպասել հետաքննության վերջնական արդյունքներին, որոնք պետք է պարզեն տեղի ունեցածի իրական պատճառներն ու հանգամանքները։ Սարջվելաձեն նշել է, որ հետաքննությունն իրականացվում է ամբողջությամբ, և մեղավորության հաստատման դեպքում պատասխանատուները կենթարկվեն օրենքով նախատեսված խիստ պատասխանատվության։
Դեպքը տեղի է ունեցել Թբիլիսիի մի շարք պետական մանկապարտեզներում։ Վրացական և միջազգային լրատվամիջոցների հաղորդմամբ՝ սկզբնական շրջանում խոսվում էր տասնյակ երեխաների մասին, որոնք բժշկական օգնության էին դիմել նույնատիպ ախտանշաններով։ Հետագայում հոսպիտալացված երեխաների թիվը գերազանցել է 100-ը։ Երեխաների շրջանում արձանագրվել են, մասնավորապես, ջերմություն, սրտխառնոց, փսխում և որովայնային ցավեր։
Վրաստանի մանկապարտեզների կառավարման գործակալության տվյալներով՝ համաճարակաբանների առաջարկությամբ Թբիլիսիի 7 պետական մանկապարտեզներում ժամանակավորապես դադարեցվել է ուսումնական/դաստիարակչական գործընթացը։ Միաժամանակ, նախնական տեղեկությունների համաձայն, դեպքերը գրանցվել են մայրաքաղաքի մոտ 20 մանկապարտեզում։
Սննդամթերքը՝ հնարավոր վարկած
Դեպքի հնարավոր պատճառներից մեկը դիտարկվում է սննդամթերքի միջոցով փոխանցված բակտերիալ վարակը։ Սակայն այս վարկածը դեռ վերջնականապես հաստատված չէ։ Թե կոնկրետ որ սննդամթերքն է կարող լինել պատճառը, պետք է պարզվի փորձաքննությունների և հետաքննության արդյունքում։
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը սեպտեմբերի 18-ին սկսել է լայնածավալ հետաքննություն։ Քննության շրջանակում մանկապարտեզներից առգրավվում են սննդամթերքի նմուշներ, փաստաթղթեր և գործի համար կարևոր այլ նյութեր։ Ստուգվում են նաև սննդամթերք մատակարարող ընկերությունների գործունեությունն ու մատակարարման շղթան։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, իր հերթին, կոչ է արել չշտապել եզրակացությունների հարցում՝ նշելով, որ այս փուլում սխալ կլինի ինչպես պնդել, թե պատճառը սննդամթերքն է, այնպես էլ ամբողջությամբ բացառել այդ վարկածը։ Նրա խոսքով՝ վերջնական գնահատական հնարավոր կլինի տալ միայն համապատասխան մարմինների հետաքննության արդյունքներից հետո։
Քաղաքապետարանի տվյալներով՝ Թբիլիսիի մանկապարտեզներ է հաճախում ավելի քան 60 հազար երեխա։ Քաղաքային իշխանությունները նաև նշել են, որ սննդի մատակարարման գործընթացում կիրառվում է HACCP միջազգային սննդի անվտանգության համակարգը, իսկ մատակարարվող ապրանքների ընդունման ժամանակ պահանջվում են հավատարմագրված լաբորատորիաների փորձաքննության համապատասխան փաստաթղթեր։
Առողջապահության նախարար Միխայիլ Սարջվելաձեն վստահեցրել է, որ հետաքննության արդյունքում պետք է ամբողջությամբ պարզվեն տեղի ունեցածի պատճառներն ու պատասխանատուների շրջանակը։ Նրա խոսքով՝ եթե որևէ անձի կամ կազմակերպության մեղավորությունը հաստատվի, կկիրառվեն օրենքով նախատեսված միջոցները՝ ընդհուպ պայմանագրերի դադարեցումից մինչև քրեական պատասխանատվություն։
Այս պահին երեխաների առողջական վիճակի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններում նշվում է, որ հոսպիտալացվածների շրջանում ծանր բարդությունների դեպքեր չեն արձանագրվել։ Միաժամանակ, իշխանությունները շարունակում են հետաքննությունը՝ պարզելու, թե ինչպես և ինչի հետևանքով է հնարավոր թունավորման դեպքը տարածվել միաժամանակ մի քանի մանկապարտեզներում։


