«Ահաբեկչությունից զերծ Թուրքիա» գործընթացը, որը նախաձեռնվել է ահաբեկչության սպառնալիքն ամբողջությամբ արմատախիլ անելու նպատակով, իրականացվում է որպես պետական նախագիծ։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Ահաբեկչության աղետն ամբողջությամբ վերացնելու նպատակով մեր սկսած «Ահաբեկչությունից զերծ Թուրքիա» գործընթացն իրականացնում ենք որպես պետական նախագիծ», — ասել է պետության ղեկավարը։
Էրդողանը նշել է, որ վերջին երկու տարվա ընթացքում, չնայած բոլոր սադրանքներին և ծուղակներին, այս հարցում հաջողվել է զգալի առաջընթաց գրանցել։ «Մենք քայլ առ քայլ կփակենք ժողովրդի և երկրի այն թշնամիների աղբյուրները, որոնք գրեթե հիսուն տարի շահույթ են ստացել ահաբեկչական արդյունաբերությունից։ Նոր պառակտման օջախներ բորբոքելու միջոցով եղբորը եղբոր դեմ հանելու ծրագրերը, մեր երկրի ջանքերի շնորհիվ, փառք Աստծո, ձախողվել են», – նշել է նախագահը։
Պետության ղեկավարը հույս է հայտնել, որ կհաջողվի հաղթահարել նաև ճանապարհի վերջին հատվածը և Թուրքիայի ջանքերով խաղաղություն ու կայունություն ապահովել ողջ տարածաշրջանում։
Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ իշխանությունները հետագայում ևս վճռական քայլեր են ձեռնարկելու, որպեսզի ահաբեկչությունն այլևս երբեք չկարողանա արմատավորվել երկրի տարածքում, նոր տառապանքների պատճառ չդառնա և ընտանիքներին նոր ողբերգություններ չբերի։


