Նոր որոշում Խաչատուրյան քույրերի աղմկահարույց գործից
Մոսկվայի Բասմանյան դատարանը որոշել է Կրեստինա, Անգելինա և Մարիա Խաչատուրյանների նկատմամբ գործող սահմանափակումները թողնել անփոփոխ՝ մերժելով աղջիկների փաստաբանների բողոքները։ Քույրերից կրտսերի՝ Մարիայի պաշտպան Յարոսլավ Պակուլինը «Կոմերսանտին» հայտնել է, որ այս գործում «սարսափելի ձգձգում» է նկատվում։ Նրա խոսքով՝ դատական նիստը, որի ընթացքում իր բողոքը մերժվել է, տեղի է ունեցել դեռ հուլիսին, սակայն որոշման պատճենը ստացել է միայն հիմա։
Պակուլինը նաև նշել է, որ Բասմանյան դատարանում բողոքի քննությունը տեղի է ունեցել այն ներկայացնելուց հինգ ամիս անց։
«Մենք պահանջում էինք վերացնել մեր պաշտպանյալների՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների խախտումները»,- հայտարարել է փաստաբանը։
Միխայիլ Խաչատուրյանի սպանությունից անմիջապես հետո նրա դուստրերը կալանավորվել և տեղափոխվել էին քննչական մեկուսարան։ Սակայն հետագայում, երբ նրանց՝ որպես ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության լայնածավալ արշավ սկսվեց, նրանք ազատ արձակվեցին՝ նրանց նկատմամբ կիրառելով որոշակի գործողությունների արգելք։ Մասնավորապես, քույրերին արգելվել էր շփվել միմյանց և գործով անցնող մյուս անձանց հետ՝ բացառությամբ նրանց մոր՝ Աուրելիա Դունդուկի, ինչպես նաև արգելվել է շփվել լրատվամիջոցների հետ, օգտվել հեռախոսներից և համացանցից։
Ավագ քրոջ՝ Կրեստինայի պաշտպան Ալեքսեյ Պարշինը պարզաբանել է, որ սահմանափակումների մեծ մասը քննիչը հետագայում անհատական կարգով վերացրել է։ Արդյունքում աղջիկները նույնիսկ աշխատանքի տեղավորվելու հնարավորություն են ստացել։ Սակայն նրանց մինչ օրս արգելվում է խոսել լրագրողների հետ և հանդիպել միմյանց։ Քույրերը կարող էին տեսնվել միայն դատարանում կամ քննչական գործողությունների ընթացքում, մինչդեռ վերջին երկու տարիներին նման գործողություններ չեն իրականացվել։
Փաստաբաններն իրենց բողոքներում մատնանշել են սահմանափակումների անհամաչափ երկարատև բնույթը՝ հղում անելով Ռուսաստանի Գերագույն դատարանի որոշմանը։ Դրա համաձայն՝ նման միջոցները պետք է լինեն «համաչափ, հիմնավորված և անհրաժեշտ», իսկ դատարանները պետք է հավասարակշռություն պահպանեն դատավարական հարկադրանքի միջոցների կիրառման հետ կապված հանրային շահի և անձի ազատության իրավունքի կարևորության միջև։
Պաշտպանական կողմի գնահատմամբ՝ «քույրերի հետ շփվելու արգելքի տևողությունը՝ նրանց հոգեբանական վիճակի վրա ունեցած ազդեցությամբ հասնում է դաժան վերաբերմունքի մակարդակի»։ Աղջիկները լրատվամիջոցներում հանդես գալու արգելքը ևս համարում են իրենց իրավունքների սահմանափակում, հատկապես հաշվի առնելով, որ նրանց գործը լայնորեն քննարկվում է հասարակության շրջանում։
Փաստաբաններն անդրադարձել են նաև Քննչական կոմիտեի քննիչի՝ քրեական գործը կարճելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու որոշմանը, որը պաշտպանական կողմն անօրինական է համարում։
Նրանք նշել են, որ Բուտիրսկի դատարանի որոշումը, որով Միխայիլ Խաչատուրյանը հետմահու դատավարության շրջանակում մեղավոր է ճանաչվել սեռական բնույթի բռնի գործողությունների, պոռնոգրաֆիայի տարածման և առողջությանը ծանր վնաս պատճառելու համար՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 132-րդ, 242-րդ և 111-րդ հոդվածներով, արդեն օրինական ուժի մեջ է մտել։ Բացի այդ, այս տարվա գարնանը Ռուսաստանի Քննչական կոմիտեն Գլխավոր դատախազությունից պահանջ է ստացել՝ վերացնելու երկարաձգված նախաքննության ընթացքում թույլ տրված խախտումները։ Ըստ հրապարակման՝ դա փաստացի նշանակում էր գործը կարճելու ցուցում՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Որոշ տվյալներով՝ քննիչը դեռ գարնանը սկսել էր համապատասխան դատավարական փաստաթղթերի նախապատրաստումը, սակայն այնուհետև զեկուցագիր էր ներկայացրել թոշակի անցնելու վերաբերյալ։ Գործի նյութերը փոխանցվել էին Քննչական կոմիտեի մեկ այլ աշխատակցի, որն իր հերթին երկու քրեական գործերը միավորել էր մեկ վարույթում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Կոմերսանտը», Կրեստինան և Անգելինան անցնում էին մեկ քրեական գործով, իսկ Մարիայի վերաբերյալ քննությունն իրականացվում էր առանձին վարույթով։ Պատճառն այն էր, որ 2018 թվականին անչափահաս Մարիան հանցագործության կատարման պահին ճանաչվել էր անմեղսունակ։ Սակայն վերջերս ստացվել է լրացուցիչ դատահոգեբանական-հոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ Մարիան այլևս չունի այն բժշկական օգնության կարիքը, որը նախկինում ստացել է ամբուլատոր պայմաններում։


