Հայաստանը Ռուսաստանին չի դիմել Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան դուրս բերելու հարցով։ Այս մասին «Известия»-ին հայտնել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Հայկական կողմից Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ որևէ դիմում չենք ստացել»,- ասել է Գալուզինը։
Նրա խոսքով՝ Մոսկվան շարունակում է ռուսական ռազմաբազան համարել Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչ։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 1-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ եթե Երևանը համարում է, որ Գյումրիում ռուսական ռազմաբազայի կարիքն այլևս չկա, Ռուսաստանը կարող է հեռանալ նույնիսկ հաջորդ օրը և Հայաստանին որևէ բան չի պարտադրի։
Ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը պատրաստ է Մոսկվայի հետ քննարկել Հայաստանում ռուսական ռազմաբազայի պահպանման հարցը, եթե Ռուսաստանը նման ցանկություն հայտնի։


