Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը սեպտեմբերի 15-16-ը այցով կմեկնի Ադրբեջան։ Այս մասին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ աղբյուրները։ Փոխանցում են ԶԼՄ-ները:
Այցի շրջանակներում Ֆիդանը բանակցություններ կվարի Ադրբեջանի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ երկկողմ և ընդլայնված ձևաչափերով, ինչպես նաև կհանդիպի Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Սպասվում է նաև, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Սպասվում է, որ թուրքական ԱԳՆ ղեկավարը շեշտը կդնի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու պատմական հնարավորության վրա և կհաստատի Անկարայի աջակցությունը կողմերի միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը։ Հաքան Ֆիդանը նաև կհայտարարի Ղարաբաղում ենթակառուցվածքների վերականգնման, էներգետիկ և առևտրային երթուղիների զարգացման ու տարածաշրջանային կապվածության ամրապնդմանն ուղղված ջանքերին Թուրքիայի աջակցության մասին։ Կողմերը մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ։


