Եգիպտոսում մահապատժի են դատապարտել հայտնի հաղորդավարուհի Սառա Խալիֆային
MediaTime.am-ը գրում է.
Եգիպտոսի դատարանը հայտնի հեռուստահաղորդավարուհի և պրոդյուսեր Սառա Խալիֆային ու ևս 11 մեղադրյալի մահապատժի է դատապարտել՝ թմրանյութերի արտադրությամբ և ապօրինի շրջանառությամբ զբաղվող կազմակերպված խմբավորման գործով։
39-ամյա Խալիֆան, որը հայտնի է «Mission Impossible» հանցագործությունների մասին հաղորդաշարով, մեղադրվել է թմրանյութերի արտադրության համար նախատեսված քիմիական նյութերի ներմուծման, դրանցից թմրանյութերի պատրաստման և իրացման մեջ։ Դատարանը բոլոր 12 մեղադրյալների համար սահմանել է մահապատիժ՝ կախաղանի միջոցով։

Գործի շրջանակում իրավապահները առգրավել են ավելի քան 750 կիլոգրամ թմրանյութ և դրանց արտադրության համար նախատեսված հումք։ Քննության ընթացքում հայտնաբերվել են նաև թմրանյութերի պատրաստման համար օգտագործվող երկու բնակարան, ինչպես նաև ապօրինի հրազեն և զինամթերք։
Դատական գործն ի սկզբանե ներառում էր 28 մեղադրյալ։ Նրանցից 9-ը դատապարտվել է ցմահ ազատազրկման, իսկ 7-ը՝ արդարացվել։
Դատարանը նախկինում մահապատժի ենթակա 12 մեղադրյալների գործերը փոխանցել էր Եգիպտոսի գերագույն մուֆթիին՝ կրոնական եզրակացություն ստանալու համար։ Այդ ընթացակարգը երկրում անհրաժեշտ է մահապատժի վերաբերյալ նման գործերի դեպքում։ Խալիֆայի պաշտպանական կողմը հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել դատավճիռը։

Սառա Խալիֆան Եգիպտոսում հայտնի է ոչ միայն հեռուստատեսային գործունեությամբ, այլև սոցիալական ցանցերում ունեցած մեծ լսարանով․ ըստ միջազգային մամուլի՝ նրա Instagram-ի էջին հետևում է շուրջ 2,5 միլիոն մարդ։
Աղբյուր՝ The Jerusalem Post


