Ուկրաինայի մի շարք շրջաններ կրկին հարվածների են ենթարկվել։ Օդեսայում, Դնեպրոպետրովսկի, Կիրովոգրադի և Զապորոժիեի մարզերում կան զոհեր և վիրավորներ, վնասվել են բնակելի շենքեր ու ավտոմեքենաներ։
Օդեսայի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի փոխանցմամբ՝ քաղաքի շրջաններից մեկում հարվածի հետևանքով վնասվել են բնակելի տներ և ավտոմեքենաներ։ Նախնական տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։
Հարված է հասցվել նաև Կիրովոգրադի մարզի Կրոպիվնիցկի քաղաքին։ Հարձակման հետևանքով ինը հարկանի բնակելի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել։ Հաղորդվում է մեկ տուժածի մասին։
Զապորոժիեի մարզում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով ևս մեկ մարդ է վիրավորվել։ Բազմահարկ բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։
Դնեպրոպետրովսկի մարզում հարվածի հետևանքով երկու ոստիկան է զոհվել։ Այս մասին հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան։ Եվս մեկ մարդ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։


