Նախօրեին Քուչակ-Ապարան ճանապարահատվածում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով մարզային բժշկական կենտրոններում հոսպիտալացված 10 տուժածից 8-ն արդեն դուրս են գրվել։
«8 տուժած անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, մյուս 2-ը ստանում են անհրաժշետ բուժօգնությունը, գտնվում են բժիշկների հսկողության տակ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- Panorama.am-ին հայտնեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։
Հիշեցնենք՝ նախօրեին Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում միմյանց են բախվել «ՊԱԶ» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 5 հոգի մահացել են, 10-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Վթարից զոհված հինգ քաղաքացիները եղել են «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենայի ուղևորները՝ 2 տղամարդ և 3 կին։
Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):


